211652_close_icon
views-count1393 դիտում article-date 22:40 03-08-2022

2022-ին Հայաստանն ամենից շատ զբոսաշրջիկներ է ընդունել ՌԴ-ից, Իրանից, Գերմանիայից

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 590 հազար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատելի աճել է:


«Ամենից շատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս են մեր թիրախային շուկաներից՝ Ռուսաստանից՝ մոտ 56 տոկոս: Այնուհետև հաջորդում են Իրանը, Գերմանիան, Վրաստանը, ԱՄՆ-ն: Զբոսաշրջային տարբեր պրոդուկտներով ու առաջարկներով փորձում ենք ակտիվացնել ինչպես մեր ավանդական թիրախային շուկաները, այնպես էլ նոր ուղղություններ ներգրավել»,- ասաց Սիսիան Պօղոսեանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի խոսքերով՝ համավարակով պայմանավորված Հայաստանում զբոսաշրջային ցուցանիշները զգալի նվազել էին, սակայն այս տարվա ակտիվությունը վկայում է այն մասին, որ տեմպերը քիչ-քիչ վերականգնվում են: Սիսիան Պօղոսեանը նշեց, որ դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից որպես նոր ուղղություններ նախանշել են Ֆրանսիան ու ԱՄԷ-ն: Այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է նախատեսվում: ԱՄԷ-ի քաղաքացիների համար արդեն դյուրացվել է վիզա ստանալու գործընթացը: Վերջերս վիզա ստանալու գործընթացը դյուրացվեց նաև Եգիպտոսի քաղաքացիների համար: Առաջիկայում նախատեսվում է փոխադարձ ճանաչողական այցեր տուրօպերատորների մասնակցությամբ:

Զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից կարևորվում է զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, խոշոր միջոցառումների, մրցաշարերի, համերգային ծրագրերի անցկացումը:

Նմանատիպ նյութեր