211652_close_icon
views-count1421 դիտում article-date 11:33 02-08-2022

Միջուկային զենքի կիրառման հավանականությունը հասել է մի մակարդակի, որը նկատվում էր սառը պատերազմի ժամանակ. ՄԱԿ

Միջուկային զենքի կիրառման հավանականությունը հասել է մի մակարդակի, որը նկատվում էր սառը պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Նյու Յորքում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) մասնակից երկրների համաժողովի բացման ժամանակ։ Նա կոչ է արել լիովին վերացնել միջուկային զենքն աշխարհում, տեղեկացրել է DW-ն։

«Ռիսկերը նվազեցնելը բավարար չէ։ Միջուկային զենքի ոչնչացումը միակ երաշխիքն է, որ այն չի կիրառվի։ Մենք պետք է անդադրում աշխատենք այս նպատակին հասնելու համար»,- ասել է Գուտերեշը։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ համաշխարհային հանրության բախտն առայժմ «անասելի բերում է», բայց ընդամենը «մի թյուրըմբռնում, մի վրիպում» է աշխարհը բաժանում միջուկային զենքով ոչնչանալուց։

«Մարդկությունը կանգնած է Հիրոսիմայի եւ Նագասակիի դասերը մոռանալու սպառնալիքի առջեւ։ Աշխարհաքաղաքական լարվածությունը հասել է նոր բարձունքների»,- ասել է նա՝ մասնավորապես նշելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի եւ մերձավորարեւելյան ու Կորեական թերակղզու հակամարտությունների մասին։

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները երկուշաբթի հայտնել են, որ հավատարիմ են ՄԶՉՊ-ին եւ Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել «վտանգավոր միջուկային հռետորաբանությունից»՝ միջուկային պատերազմ թույլ չտալու համար։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել անպատասխանատու եւ վտանգավոր միջուկային հռետորաբանությունը եւ վարքագիծը, կատարել իր միջազգային պարտավորությունները եւ հաստատել՝ խոսքով եւ գործով, այն սկզբունքները, որոնք ներկայացված են միջուկային պատերազմը կանխելու եւ սպառազինությունների մրցավազք թույլ չտալու մասին ղեկավարների վերջին հայտարարությունում»,- նշվել է երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր