211652_close_icon
views-count1234 դիտում article-date 12:53 31-07-2022

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասում է այն, ինչ պահանջում է Ադրբեջանը. Տիգրան Աբրահամյան. News.am

Ադրբեջանը փորձում է Արցախի հարցը առհասարակ հանել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից, ինչին ձգտում է նաեւ Հայաստանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ պետք է ակտիվորեն քննարկել ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը:

«Անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանը ասում է այն, ինչ պահանջում է Ադրբեջանը եւ ինչ հետպատերազմյան շրջանում թելադրում է Ադրբեջանը, որովհետեւ այս հայտարարությունը անում է այն ֆոնին, երբ Թուրքիան հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը անմիջապես կախված է Ադրբեջանից եւ նրանք Ադրբեջանի հետ մշտական կոնսուլտացիաների մեջ են: Երկրորդ` Ադրբեջանը փորձում է Արցախի հարցը առհասարակ հանել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից, ինչին ձգտում է նաեւ Հայաստանը, որովհետեւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված բացառությամբ որոշակի սոցիալական, հումանիտար բնույթի հարցերից Հայաստանի իշխանությունը թեման փորձում է բարդել Ռուսաստանի վրա` հայտարարելով, որ այնտեղ ռուսական խաղաղապահ ուժերն են տեղակայված եւ Ռուսաստանի պատասխանատվության գոտին է: Առանձին փաստաթղթի մասին, ինչի մասին խոսում է Արմեն Գրիգորյանը` այսպես կոչված խաղաղության մեծ պայմանագրի մասին, սրանով ենթադրվում է` Ադրբեջանը փորձում է իր խնդիրները արագ կարգավորել, այսինքն իր առաջնահերթությունները փաթեթով  լուծել, իսկ այն թեմաները, որոնք մեզ համար առաջնահերթություն են ներկայացնում, մասնավորապես Արցախի ինքնորոշման իրավունքի հետ կապված,  Արցախի մեր հայրենակիցների անվտանգության եւ նրանց բնականոն կյանքի ապահովման հետ կապված հարցերը բնականաբար ոչ այս իշխանությունների համար են առաջնահերթություն, ոչ էլ Ադրբեջանի»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` Հայաստանի իշխանությունները, ըստ էության, շարժվում են Ադրբեջանի օրակարգով. «Քաղաքական կուրսի առումով Հայաստանի իշխանությունները հենց այդպես էլ շարժվում են, կա ադրբեջանական օրակարգ, կան ավելացող պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները ամեն քայալփոխի ուղղակի իրացնում են»:

Անդրադառնալով խաղաղության օրակարգին, Աբրահամյանը շեշտեղ, որ իրականության մեջ խաղաղության օրակարգը Արցախի եւ Սյունիքի մարզի Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ անցնելն է: 

Նմանատիպ նյութեր