211652_close_icon
views-count1398 դիտում article-date 22:19 29-07-2022

Պետք է կանխենք կապիտուլյացիոն նոր պայմանագրերի ընդունումը․ Իշխան Սաղաթելյանի ամբողջական ելույթը Ֆրանսիայի հրապարակից. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

NEWS.am-ը ներկայացնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքի ժամանակ։

«Սիրելի՛ հայրենակիցներ

 

Ես բազմիցս արդեն խոսել եմ այն ձեռքբերումների մասին, որոնք մենք միասին ունեցել ենք այս շարժման արդյունքում։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ապրիլի վերջից մինչ այս օրը դուք՝ այստեղ հավաքված քաղաքացիներդ, դարձել եք մեր երկրի անվտանգության թիվ մեկ գործոնը։ Դա հպարտանալու, բայց միաժամանակ   ցավալի փաստ է։ Մինչ դավաճանների այս խմբակի իշխանության գալը՝ Հայաստանի անվտանգությունն ապահովում էին մեր բանակը, մեր հատուկ ծառայությունները, մեր դիվանագիտությունը։ Սակայն այսօր պետություն չկա։ Բոլոր այդ կառույցները գերեվարվել են դավաճան Նիկոլի կողմից ու դարձել նրա կամակատարները։ Բայց փոխարենը կաք դուք։ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, որոնք պաշտպանում են Հայաստանի իրական շահը, որոնք ի լուր աշխարհի  ասում են՝ տեր ենք մեր հայրենիքին և պատրաստ ենք պայքարել  հայրենիքի համար:

Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մեր պայքարը արդյունավետ չէ, թող տեսնեն, թե «Դիմադրություն» շարժման մասին ինչպես են արտահայտվում Թուրքիայում և Ադրբեջանում, թող տեսնեն, թե որքան անհանգիստ են թշնամի պետության ղեկավարները  Հայաստանի իշխանության ճակատագրով։ Միայն այդ փաստը վկայում է շարժման հաջողության մասին:

Սիրելի՛ հայրենակիցներ, ձեռքբերումներն ակնհայտ են, սակայն ես գիտեմ, որ ձեզանից շատերի սպասելիքները շատ ավելին էին, քան մինչ այս պահը մեր ունեցած արդյունքներն են։

Մենք մեր առջև խնդիր էինք դրել կարճ ժամանակահատվածում հեռացնել այս իշխանություններին, որը առայժմ չի ստացվել։ Մեր գլխավոր խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Հայաստանը դեռևս ղեկավարում է մեզ՝ բոլորիս համար գոյաբանական վտանգներ կայացնողը։ Սա է պատճառը,որ անցնող ամիսներին մեզ հետ փողոցում պայքարող մեր բազում ընկերներ երբեմն ընկճված են, զայրացած, բայց ոչ երբեք՝ կոտրված:

Բայց եթե պայքարը երկարում  է, դրանից ոչ թե պետք է ընկճվել կամ հիասթափվել, այլ պետք է արձանագրել բացթողումները, լուծել խնդիրները և գնալ առաջ: Պայքարը պետք է դարձնել ապրելակերպ, մեր առօրյան:

Եթե պատերազմի ժամանակ մարտը ձգվում է, իսկ մարտի ժամանակ ունենում ես նաև զոհեր, կորուստներ, ինչու չէ՝ նաև  դասալիքներ, դա չի նշանակում, որ զենքերը պետք է վայր դնել և նահանջել, տվյալ դեպքում՝ պետք է վերադասավորվել,  մոբիլիզացնել ուժերը, տրամադրվել տևական պայքարի   և գնալ հաղթանակի ետևից: Մենք առաջնորդվում ենք  այդ սկզբունքով և տրամաբանությամբ:

Ասում էին՝ իբր սեպտեմբերին խորհրդարան ենք վերադառնալու ու իբր աշխատելու  ենք այս իշխանությունների հետ։ Ընդ որում՝ դա անում են՝ լկտիաբար աղավաղելով իմ խոսքերը։ Ես նման բան երբեք չեմ ասել։ Դա բացարձակ եւ անբարո սուտ է:

Մեկ անգամ ևս հատուկ չհասկացողների համար պետք է ասեմ այն, ինչ ասում ենք վերջին երեք ամիսների ընթացքում՝ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես  իր այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը:

Այդ օրակարգը շատ հստակ է՝ Նիկոլի հեռացում, Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիքների դեմ պայքար, Հայաստանի ու Արցախի կենսական հարցերի լուծման մեր նախաձեռնությունները:

ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակը  մանդատներից զրկելու շանտաժով չի կարող մեզ  ներքաշել իր հայրենադավ եւ ապազգային դավադրության մեջ։ ՔՊ ուսապարկերը իրենց ծոծրակները կտեսնեն, բայց մեզ իրենց կեղծ օրակարգերով միեւնույն դահլիճում չեն տեսնի։

Ավելի պարզ և հիմնավոր ձևակերպեմ՝ հայ ժողովուրդը, ցավոք, այլևս չունի միասնական կամարտահայտման այլ հարթակ, քան փողոցն է, քան այս հրապարակն է։ Մյուս բոլոր ինստիտուցիոնալ հարթակները, որտեղ այլ պայմաններում հնարավոր կլիներ քննարկել հայ ժողովրդի  շահերին առնչվող հարցեր, զավթված են թուրքահպատակ դավաճանի կողմից։ Հետևաբար, մեր փողոցային պայքարն այս պահին այլընտրանք չունի։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հիմա շատ կարևոր հանգրվանի ենք հասել։ Խոսքս միայն մեր Շարժման մասին չէ։ Խոսքս նաև պետության, օրվա իշխանությունների և, ընդհանրապես, տարածաշրջանային զարգացումների մասին է։ Այս փուլում բոլորն իրենց առաջիկա անելիքներն են պլանավորում։ Այսպես՝ թշնամի երկրների հատուկ ծառայությունները բացեիբաց հայտարարում և քննարկում են՝ ինչպես չեզոքացնել մեր Շարժումը։ Դավաճանների խմբակը մտածում է՝ ինչպես պահպանել իշխանությունը։ Շարունակվում են շինծու քրեական գործերը, հետապնդումները, քաղբանտարկյալները շարունակում են մնալ կալանքի տակ: Կրկնում եմ՝ սրանց միակ հենարանը ուժային կառույցներն են:

Եվ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այն բոլոր առաջադրանքները, որոնց մասին մենք այս հարթակից խոսել ենք, դրանց շուրջ կատարվում են աշխատանքներ, այն բոլոր հարցերը, որոնք դուք պարբերաբար հնչեցնում եք, բարձրաձայնում եք, դրանք բոլորը մենք հաշվառել ենք, գույքագրել։

Սիրելի՛ հայրենակիցներ, «Դիմադրություն» շարժման նպատակներն  ու խնդիրները հստակ են. մենք պետք է կանխենք կենսական զիջումներ պարտադրող կապիտուլյացիոն նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում, կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից բանակցելու մանդատ չունի:

Համաժողովրդական անհնազանդության միջոցով հասնենք Նիկոլի հեռացմանը՝ լինի հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով։ Պայքարն այս երկու ուղղություններով պետք է ընթանա զուգահեռ եւ լինի փոխլրացնող։ Եթե գնանք պաշտոնանկության (իմպիչմենտի) ճանապարհով՝ դրա համար անհրաժեշտ է բավարարել օրենքով նախատեսված երկու պահանջները՝ պաշտոնանկության իրավական-քաղաքական հիմքեր և ժողովրդի կողմից վարչապետի թեկանածուի առաջադրում: Նիկոլի պաշտոնանկության իրավական-քաղաքական հիմքեր հստակ են և ամբողջությամբ ձևակերպված, իսկ ժողովրդի կողմից առաջադրվող թեկնածուին կորոշենք միասին այս հրապարակում:

Մամուլի վերնագրերից, անհարկի շահարկումներից խուսափելու համար հատուկ ընդգծում եմ՝ խորհրդարանով պաշտոնանկության գործընթացը կսկսենք այն ժամանակ, երբ հաջողության հասնելու բավարար հիմքեր լինեն։ Այսինքն՝ որևէ քայլ և գործողություն ինքնանպատակ չի լինելու:

Պարզ ասեմ՝ Նիկոլի հեռացման համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական կամ պաշտոնանկություն, դրանցից որևէ մեկին հասնելու համար անհրաժեշտ է հանրային համաժողովրդական ճնշման գործնական  դրսևորում։

Շարժման որակական եւ քանակական մակարդակն է, որ, ի վերջո, կանխորոշելու է մեր պայքարի արդյունավետությունը։

Հաջողության հասնելու  միակ ճանապարհը համաժողովրդական պահանջի և դրանից բխող  գործական քայլերի  դրսևորումն է: Հետեւաբար, թիրախային, հստակ պլանավորված քայլերով եւ գործողություններով  պետք է հասնենք դրան»,- հայտարարեց Սաղաթելյանը։
 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր