211652_close_icon
views-count1377 դիտում article-date 13:49 28-07-2022

Կստեղծվի պետական 5-8 բուհ. կրթության զարգացման պետական ծրագիրը հավանության արժանացավ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին 2011-2015 թվականների համար: Հաջորդ ծրագիրը մշակվել և ՀՀ կառավարություն էր ներկայացվել 2017 թվականին, որից հետո այն վերադարձվել էր լրամշակման:

Ներկայում հետպատերազմյան իրադրությունը և Քովիդ-19 համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերներն անխուսափելի են դարձնում կրթության ոլորտի վերափոխման ու նոր ուղեգծերի սահմանման անհրաժեշտությունը, և դրանք զարգացման պետական ռազմավարական փաստաթղթով ամրագրելը:

Նախագծում սահմանվել են ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները:

Նախագծով նախատեսվում է ռազմավարական այնպիսի մոտեցումների որդեգրում, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացման առավել նպատակամղվածություն, որակ, արդյունավետություն և արդյունավորություն:

Կրթության առաջընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար հետագա զարգացումները կիրականացվեն` ըստ սահմանված գերակա ուղղությունների և զարգացման նպատակային ցուցանիշների, որոնք կնպաստեն Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ` Արթուր Մարտիրոսյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ ծրագրի վերջնական նպատակի համար սահմանվել են հետեւյալ երեք ռազմավարական ուղղությունները՝

1. համընդհանուր, ներառական, սովորողակենտրոն կրթական միջավայրի ձեւավորումն է ՀՀ ողջ տարածքում,
2. կրթության արդյունավետության բարձրացում,
3. կրթական ծառայությունների եւ արտադրանքի միջազգայանացում եւ արտահանում:

Դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, իսկ 3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսը: Մսուրի ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում:

Մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող: Ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից: Դպրոցականները կունենան հայոց լեզվի եւ պատմության, հայ եւ համաշխարհային գրկանության, հոգեւոր էթիկական արժեքների, առողջ ապրելակերպի, ինչպես նաեւ առնվազն երկու օտար լեզուների գծով բավարար գիտելիքներ: Հեռավար կրթական ծառայություններ, էլեկտրոնային բաց պաշարներ, առցանց ծրագրեր կներդրվեն կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում գյուղական համայնքների համար:

2030-ին ուսումնարանը, քոլեջը կամ բուհը ավարտլուց հտո ըստ մասնագիտության կաշխատեն շրջանավարտների 90 տոկոսը»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ ծրագրով կստեղծվեն 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը. «Նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում, որպես որակյալ բարձրագույն կրթության եւ հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ»:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ասաց, թե նախագիծը բավականին ծավալուն է ու շատ կարևորագույն կետեր կան, որոնց անդրադառնալու համար կառավարության նիստը չի բավարարի:

«Առաջիկայում նախագիծն ուղարկելու ենք Ազգային ժողով ու հնարավորություն ենք ունենալու շարունակել քննարկումները», - ասաց նա:

Նմանատիպ նյութեր