211652_close_icon
views-count951 դիտում article-date 22:10 27-07-2022

Հանդիպում երիտասարդների հետ՝ «Ռեֆորում» ճամբար-աշխատաժողովի շրջանակում. ԿԳՄՍՆ

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղակայված «Ծիծեռնակ» ճամբարում հուլիսի 23-ից անցկացվում է «Ռեֆորում» ճամբար-աշխատաժողովը, որը կազմակերպել են «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը: Ճամբարին մասնակցում են 150 ուսանողներ՝ ՀՀ ամբողջ տարածքից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Աշխատաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Վերոնիկա Խորասանյանը և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանն այցելել են ճամբարականներին: Նրանք ներկայացրել և մասնակիցների հետ քննարկել են երիտասարդական պետական քաղաքականության գերակա ուղղությունները և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, բուհերում ուսանողական ինքնակառավարման մարմինների ձևավորման սկզբունքները ու մոտեցումները։

Խոսելով երիտասարդական պետական քաղաքականությունից՝ Վերոնիկա Խորասանյանը նշել է, որ այն առաջին հերթին միտված է երիտասարդական ներուժի բացահայտմանն ու իրացմանը, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացմանը, երիտասարդության ինքնադրսևորման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, որոշումների կայացման հարցում մասնակցային վարքագծի կերտմանը և այլն։ Այս համատեքստում ԿԳՄՍՆ ներկայացուցիչը խոսել է երիտասարդության ոլորտում 2022 թվականի ընթացիկ և սպասվող միջոցառումների, ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների, պետական ֆինանսավորմամբ իրականացվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի և դրանց մասնակցության ընթացակարգի մասին։

Ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանի հետ քննարկման ժամանակ երիտասարդներն անդրադարձել են բուհերում կրթության կառավարման ձևին, ուսումնառության կազմակերպմանը, արտերկրում սովորելու կրթական ծրագրերին դիմելու կարգին և հնարավորություններին, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից՝ ուսանողական ինքնակառավարման մարմինների ձևավորման վերաբերյալ որդեգրած մոտեցումներին։

Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով. ճամբարականները բանախոսներին ուղղել են բազմաթիվ հարցեր և ստացել սպառիչ պատասխաններ:

«Ռեֆորում» ճամբար-աշխատաժողովն իրականացվում է «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Ճամբար-աշխատաժողովի նպատակն է ՀՀ պետական բուհերում ուսանողական ինքնակառավարման մարմինների կամ այլ կերպ ասած՝ ուսանողական այլընտրանքային միավորումների ձևավորմանը նպաստելը՝ զարգացնելով ուսանողների հմտությունները երիտասարդական քաղաքականության մշակման, իրավունքների պաշտպանության և հանրային վերահսկողության ոլորտներում։

Մասնակիցների ընտրությունը կատարվել է բաց կանչի միջոցով՝ հիմնվելով դիմորդների լրացրած հայտադիմումների և հարցազրույցների արդյունքների վրա։

Ճամբար-աշխատաժողովի ընթացքում ճամբարական ուսանողները մշակելու են ծրագրեր, որոնցից 10-ը կֆինանսավորի «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամը։

Ճամբար-աշխատաժողովը կտևի մինչև հուլիսի 29-ը:

Նմանատիպ նյութեր