211652_close_icon
views-count1653 դիտում article-date 23:48 19-07-2022

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 12 հայց է ուղարկել դատարան

Հայաստանում  2020 թվականին Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն արդեն 12 հայց է ուղարկել դատարան, վարչությունը դեռ ուսումնասիրում է 330 գործ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը Ապօրինի գույքի վերադարձ եւ անցումային արդարադատություն. դասեր եւ մարտահրավերներ» կլոր-սեղան քննարկմանը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում համապատասխան վարչության ձևավորմամբ: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով ներդրվել է մի նոր ինստիտուտ, որը միջազգային իրավական պրակտիկայում կոչվում է առանց դատավճռի բռնագանձում: Այսինքն՝ այս բռնագանձումը քաղաքացիական բռնագանձում է, ըստ էության պարտադիր չէ, որ որևէ կապ ունենա քրեական վարույթի, քրեական գործի հետ»,-ասաց Քոչարյանը:

Վարչությունն այժմ գործում է 9 դատախազի և 9 տնտեսագետի թվակազմով: Քոչարյանի խոսքով՝ ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, քանի որ գործերի քանակը գնալով ավելանում է: «Օրենքն ուժի մեջ մտնելուց առ այսօր վարչությունում ստացվել են 574 անձի վերաբերյալ 345 նյութեր՝ քրեական գործերից, օպերատիվ հետախուզական մարմիններից: Այդ 574 անձի վերաբերյալ գործերից վարչությունում որոշում է կայացվել ուսումնասիրություններ սկսել 342-ով: Այսինքն 230 անձի վերաբերյալ ստուգմամբ պարզվել է, որ ապօրինի գույք չկա, և ուսումնասիրություն առհասարակ չի սկսվել: Այդ 342 ուսումնասիրություններից այս պահի դրությամբ վերջնարդյունքին հասել են և հայց է հարուցվել քաղաքացիական դատարան ընդամենը 12 գործով: Ունենք 330 ընթացիկ ակտիվ ուսումնասիրություններ»,-ասաց Քոչարյանը:

2020 թվականի սեպտեմբերից ի վեր 213 միջնորդություն է ներկայացվել դատարան՝ բանկային, ապահովագրական և այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու խնդրանքով, ինչպես նաև հայցի նախնական ապահովումներ կիրառելու խնդրանքներով: Այդ 213 միջնորդություններից 185-ով ստացվել են որոշումներ, մեծամասնությամբ բավարարվել են: Անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 80-ից ավելի փորձաքննություններ են նշանակվել հայտնաբերված գույքերի շուկայական արժեքների, դրանց վրա կատարված ծախսերի, ներդրումների պարզման, հաշվարկման համար:

 «25 գործով հայցի նախնական ապահովումներ է կիրառվել, այսինքն` օրենքը թույլ է տալիս, որ սառեցվի, արգելադրվի այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը հետագայում ակնկալվում է հայցապահանջով մտնել դատարան և բռնագանձել: Այդ 25 նախնական ապահովումներով արգելանք է դրվել շուրջ 260 անշարժ և շարժական գույքերի վրա, 53 իրավաբանական անձանցով մասնակցությունների վրա, նաև, ավելի քան 42 մլրդ դրամի չափով դրամական պահանջով: Այդ 25 գործերից արդեն 12-ը դատարանում են, այսինքն` իրենց վերջնական փուլում են, հայց է հարուցվել»,-ասաց վարչության ավագ դատախազը:

Միայն  դատարան գնացած 12 գործերով պետության, ի դեմս վարչության, բռնագանձման պահանջը կազմում է շուրջ 200 անշարժ և շարժական գույքեր, 21 մասնակցություններ՝ իրավաբանական անձանց և շուրջ 21 մլրդ դրամ չափով գումար: «Այս ամենը դրամական համարժեքի վերածած, իրենց շուկայական արժեքներով հասնում են մոտ 70 մլրդ դրամի, որտեղ հաշվարված չեն մասնակցություններն իրավաբանական անձանցում, որովհետև ուսումնասիրության շրջանակում դեռևս ելակետային տվյալների բավարար չլինելու պատճառով հնարավորություն չի եղել մեր կարծիքով ապօրինի իրավաբանական անձանց մասնակցությունների շուկայական արժեքները որոշել: Այսինքն՝ այդ 70 մլրդը էապես ավելի աճելու միտում ունի»,-ասաց Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր