Արմեն Գրիգորյանը իսկապես առողջական խնդիրներ ուներ, բայց մեզ թույլ չէր տալիս դատարանի առաջ խոսել այդ մասին. Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը առողջական խնդիրներ է ունեցել, սակայն կալանքի ժամանակ նա չի թույլատրել, որպեսզի փաստաբանն այդ մասին բարձրաձայնի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15–ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Գրիգորյանի պաշտպանը՝ Ռուբեն Մելիքյանը, հայտնում է News.am-ը։
«Արմեն Գրիգորյանը իսկապես առողջական խնդիրներ ուներ, բայց Գրիգորյանը նաեւ բարձր արժանապատվություն ուներ, երբ մենք խոսում էինք իր առողջության մասին, ասում էր՝ լսեք, ո՞վ է մեզնից բժիշկը, ե՞ս, թե՝ դուք։ Արմեն Գրիգորյանը մասնագիտությամբ բժիշկ էր, նա մեզ ասում էր, որ իր բուժմամբ ինքն է զբաղվում, մեզ այդպես էլ թույլ չտվեց, որ մենք դատարանի առաջ խոսենք իր առողջական խնդիրների մասին։ Ասում էր՝ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, որ Արմեն Գրիգորյանը առողջական խնդիրներ է առաջ բերում, որպեսզի պատասխան չտա, ես իմ խոսքի համար պատրաստ եմ պատասխան տալ, նա ասում էր, որ քաղաքակական հետապնդման է ենթարկվում եւ որը պատվով է տանելու եւ մինչեւ վերջին պահը պատվով տարավ այդ խաչը։ Ես տեսա որ ինչ–որ պաշտոնական շրջանակներ սկսել են սլաքները ուղղել քրեակատարողական հիմնարկի ուղղությամբ, բայց ՔԿՀ–ում Արմեն Գրիգորյանի նկատմամբ վատ վերաբերմունք չենք տեսել, իհարկե եղել են մանր խնդիրներ, որոնք շատ արագ լուծվել են։ ՔԿՀ–ում Արմեն Գրիգորյանը չի նեղվել, նա արժանապատիվ է եղել։ Խնդիրն այն է, թե ինչու է Արմեն Գրիգորյանը հայտնվել ՔԿՀ–ում, ինչի համար ու երբ են նրան նստացրել, ովքեր եւ ում հրամանով են նրան նստացրել»– ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է։ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Նա մայիսի 17-ից գտնվում էր անազատության մեջ։
«Արմեն Գրիգորյանը բացառապես իր քաղաքական հայացքների համար էր կալանավորվել, 2021թ.–ի ապրիլին ինչ–որ հաղորդման ժամանակ հնչեցրած խոսքերի համար, միայն մեկ տարի անց այդ խոսքերի մասին հիշեցին իրավապահները։ Դատական նիստի ժամանակ Արմեն Գրիգորյանն ասել էր, որ այդ խոսքերը ասել է առաջին անգամ «Եռաբլուր» գնալուց հետո»,– հայտարարեց պաշտպանը։
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր. «Շիրակի եւ արարատյան դաշտավայրի ժողովուրդը միշտ դավաճան է եղել, իսկ սարեցիները՝ Տավուշը, Սյունիքն ու Արցախը, միշտ էլ եղել են իսկական հայ, որովհետեւ արյուն չեն խառնել թուրիք հետ, սրանց կեսը թուրք են, սրանք թուրքի եթիմ են, ոնց կարող են դրանք հայ լինել»։
Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, թե Արմեն Գրիգորյանին սպանողներին չփնտրեն քրեակատարողական հիմնարկում։
«Նրանց ման եկեք քննիչների, դատախազների, դատավորների, նրանց պատվեր տվողի մեջ, եւ ամենաբարձր պատվեր տվողների մեջ»,– ասաց նա եւ կարդաց Արմեն Գրիգորյանին կալանավորելու միջնորդության մեջ գրված քննիչի խոսքերը.
«Արմեն Գրիգորյանը իր հայտարարությունները հնչեցրել է Ֆրանսիայի հրապարակում, երբ հավաքվածների մեծամասնության շրջանում հնչում են պաշտոնատար անձանց նկատմամբ հակաօրինական արարքներ կատարելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր, եւ նման պայմաններում Արմեն Գրիգորյանի գաղափարներն ու հայացքները կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների, հետեւաբար գտնում եմ, որ այլ խափանման միջոցները ի զորու չեն ապահովել մեղադրյալ Արմեն Գրիգորյանի վարքագիծը նախաքննության փուլում»։
«Սա է Արմեն Գրիգորյանի սպանության պատճառը»,– կալանքի միջնորդությունը մեջբերելուց հետո՝ ասաց Ռուբեն Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։