211652_close_icon
views-count18814 դիտում article-date 12:18 15-07-2022

Ալիևի հրամանագրում Երևանը նշվում է որպես «Ադրբեջանի հինավուրց հող»․ «Առավոտ»

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը  հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը։ Գրում է «Առավոտը»։

Հրամանագրում առկա են ոչ միայն պատմության բազմաթիվ խեղաթյուրումներ, այլև փաստացի ոտնձգություն է կատարվում Հայաստանի տարածքային ամբողջականության, մասնավորապես՝  ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։ Այսպես, հրամանագրում նշվում է, որ Իրևանի պետական ադրբեջանական թատրոնը «հիմնադրվել է Իրևանի (Երևան) շրջանում, ուր պատմականորեն բնակվում էին ադրբեջանցիները»։ Բացի այն, որ հրամանագրում Երևանը նշվում է որպես «Ադրբեջանի հինավուրց հող», այլև խոսք է գնում «1918-1920 թթ. Իրևանում հայերի կողմից ադրբեջանցիների կազմակերպված զանգվածային սպանդի», ինչպես նաև այլ «վանդալիզմի և բռնությունների» մասին։

Արձանագրենք, որ Ադրբեջանը հերթական անգամ ոչ միայն ամենաբարձր՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մակարդակում խոսում է Հայաստանի սուվերեն տարածքի՝ որպես ադրբեջանական հող լինելու մասին, այլև այդ ուղղությամբ իրականցնում է հետևողական քաղաքականություն և քարոզ թե՛ Ադրբեջանի ներսում՝ այդպիսով նպաստելով հակահայկական տրամադրությունների էլ ավելի բարձրացմանը, թե՛ միջազգային հարթակներում՝ նոր պահանջներ դնելով Հայաստանի առջև։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Կոնդ թաղամասի՝ ադրբեջանական մշակութային ժառանգություն հայտարարելու պահանջով Ադրբեջանը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ։

2020 թ․ դեկտեմբերի 10-ին Բաքվի շքահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը, Սևանը և Սյունիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։ Սակայն սա նպանատիպ առաջին հայտարարությունը չէր։ Ադրբեջանական իշխանությունը հետևողականորեն ներարկում է իր հասարակությանը հայկական պատմական տարածքների՝ ադրբեջանական պատկանելության մասին թեզը՝ այդ գործընթացը ուղեկցելով քարտեզների ստեղծումով, որոնց վրա Սյունիքը, Սևանը և Երևանը պատկերված են իբրև Ադրբեջանի մի մաս, համապատասխան պատմական զեղծարարությունների կատարմամբ։ Պետական բարձր մակարդակում Ադրբեջանի իշխանությունների կողմից ՀՀ նկատմամբ տարածքային հավականությունների վառ դրսևորում կարելի է համար պաշտոնական հռետորաբանության մեջ «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Զանգեզուր» եզրերի կիրառումը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր