211652_close_icon
views-count1606 դիտում article-date 23:02 07-07-2022

Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է բարերար Անուշ Մաթևոսյանի մահվան մասին

Ամերիկայի հայկական համագումարը վշտով հայտնում է Անուշ Մաթևոսյանի մահվան լուրը, ում բարեգործությունը տարածվում էր Միացյալ Նահանգներում, Հայաստանում և Արցախում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ նշված է. «Ամեն ինչին սեփական ուժերով հասած, Նյու Յորքի անշարժ գույքի ձեռնարկատեր, ով սկսել էր իր մասնագիտական ուղին բուժքրոջ մասնագիտությունից, Մաթևոսյանի աջակցությունը Հայաստանի և Արցախի կրթական հաստատություններին այնպիսի մասշտաբի էր, որ օգուտ տվեց ուսանողների մի քանի սերունդներին: Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջոցով նա հովանավորեց լուրջ բարելավումներ Երևանի պետական համալսարանում, կառուցեց նոր դպրոց Արցախում, ամառային ճամբար՝ Եղեգնաձորում, իսկ երկրաշարժից տուժած Վանաձոր քաղաքում նրա բարերարությունն ընդունվեց իր պատվին դպրոցի անվանակոչմամբ։ Մաթևոսյանը հատկապես հպարտ էր Երևանի պետական համալսարանի կրթաթոշակառուներով, ովքեր կարողացան շարունակել իրենց ուսումը և մասնագիտություն ձեռք բերել շնորհիվ Ամերիկայի Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արևելյան թեմում իր ստեղծած հիմնադրամի՝ արժանավոր ուսանողներին պարգևների ամենամյա բաշխման համար։

Մաթևոսյանը նաև Ամերիկայի հայկական համագումարի երկարամյա աջակիցն էր և ծառայեց Հայկական ազգային ինստիտուտի ղեկավարների խորհրդում ու Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի հոգաբարձուների խորհրդում մինչև իր մահը: Նա նշանակեց դոկտոր Ռուբեն Ադալյանին որպես իր իրավահաջորդ Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի խորհրդում: Անուշ Մաթևոսյանը եղել է Վաշինգտոն քաղաքում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման գաղափարի հեղինակը՝ մի ծրագիր, որին նա մեծահոգաբար սատարում էր և որը, ի ափսոսանք Հայկական Համագումարի ընտանիքի և համայնքի, ներգրավվեց նենգ դատավարության մեջ, ինչը խափանեց Վաշինգտոն քաղաքում հաստատության շենքի բացումը, որի գնմանը նա նպաստեց: Չնայած սարսափելի խափանմանը, նա շարունակեց աջակցել այդ գաղափարին և տեսավ թանգարանի առցանց տարբերակի գործարկումը, որն իր ինտերակտիվ հոդվածներով և պատկերասրահներով կանոնավոր կերպով գրավում է մանկավարժների, ուսանողների և այցելուների ուշադրությունը, ովքեր սովորում են Հայոց ցեղասպանության մասին:

 «Անուշ Մաթևոսյանի ծավալուն մարդասիրությունը, կրթական առաջընթացի խրախուսումը և սերը հայ ժողովրդի հանդեպ օրինակելի չափանիշներ էին սահմանում։ Սեփական ռեսուրսները լայնորեն բաշխելու իր պատրաստակամությունը խոսում է անհատի որակի մասին, ով միայն լավագույն հնարավորությունն էր ցանկանում իր ժողովրդի համար»,– ասացին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Մենք բախտավոր ենք, որ ճանաչել նրան, քանի որ նա ականավոր անձնավորություն էր, ում դրական ժառանգությունը կշարունակի ապրել»:

Թե՛ որպես հայրենասեր հայ, թե՛ որպես առողջապահության ոլորտի մասնագետ, Մաթևոսյանը ուշադրությամբ հետևում էր Հայաստանում իրադարձություններին և զարգացումներին։ Նա եռանդով էր խոսում հայ ժողովրդի արժանիքների և թերությունների մասին՝ ինչպես տեսնում էր դրանք: Որքանով Մաթևոսյանը ցանկանում էր տեսնել, որ հայ երիտասարդները օգուտ էին ստանում լավ կրթությունից և իրենց ամառներն անցկացնում էին առողջ գործունեությամբ, այնքան էլ նպաստում էր կանանց առողջությանը՝ աջակցելով Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնին»:

Ըստ աղբյուրի՝ Անուշ Մաթևոսյանի հոգեհանգստի պատարագը տեղի կունենա հուլիսի 11-ին, առավոտյան ժամը 10-ին Նյու Յորքի Բեյսայդ քաղաքում, Քուինսում, Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում, որին կհաջորդի հուղարկավորման արարողությունը Նյու Յորք նահանգի Ֆլաշինգ քաղաքի Սեդար Գրով գերեզմանատանը:

Նմանատիպ նյութեր