211652_close_icon
views-count13427 դիտում article-date 00:06 07-07-2022

44-օրյա պատերազմ. Ծանր մարտեր Ջրականի Մարջանլու տեղամասի բարձունքում. 12 զոհ, 9 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. hetq.am

hetq.am-ը գրում է. 2020թ․-ի հոկտեմբերի 2-ից 3-ը ադրբեջանական ստորաբաժանումները վերցրին Ջրականի Մարջանլու տեղանքի մոտակա բարձունքում տեղակայված «300-րդ դիրքը»։ Բարձունքը գրավելուց հետո հակառակորդն ավելի մեծ թափով առաջ շարժվեց դեպի Ջրական: Օրեր անց Ջրականն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

«300-րդ դիրք»-ում գտնված ժամկետային զինծառայող Հայկ Վարդազարյանը պատմում է Ջրականի բարձունքի մարտերի մասին։ 

Որտե՞ղ եք անցել ժամկետային զինծառայությունը, պատերազմի օրերին ո՞ր դիրքերում էիք:

Ծառայության անցել եմ 2020թ.-ի հուլիսից Արցախում, Որոտանի զորամասի 25-րդ գումարտակում՝ Հաստոցային ավտոմատ նռնականետ (ՀԱՆ, АГС)-ի դասակում։

Սեպտեմբերի 10-ից մեր գումարտակը գնացել էր վրանային հավաքների Ջրական: Սեպտեմբերի 27-ին՝ մոտ 7։30-ի սահմաններում, պատերազմը սկսվեց, մեզանից քիչ հեռու ԱԹՍ-ն հարվածեց վրաններին։ Սկզբում մեզ երկրորդ գիծ տարան, մենք ՀԱՆ-ի դասակից էինք, ու մինչև դիրքերը չկազմավորվեին, մեզ առաջ չէին տանում, «Նարինջ» հրամանատարական դիտակետի մոտակայքում էինք դիրքավորված։ Հոկտեմբերի 1-ին մեր դասակի հրամանատար Սերոբ Սարգսյանը վիրավորվեց ու դասակի հրամանատար նշանակվեց Գարիկ Վանեսյանը։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Վանեսյանը եկավ, որ մեզ առաջնագիծ տանի, 13 հոգի էինք, ասեց՝ տղե՛րք, շատ վտանգավոր տեղ ենք գնում, ու ով պատրաստ չի, կարող է չգալ․ 13-ս էլ գնացինք։ Գնում էինք Մաթևոսյանի բարձունք․ Էդգար Մաթևոսյանը 25 գումարտակի շտաբի պետն էր, գումարտակի մնացած անձնակազմի հետ սեպտեմբերի 28-ից պահում էին Ջրականի «300 դիրք»-ի մոտակա բարձունքը՝ Մարջանլուի մոտ։ Մեր դասակը հասավ էդ բարձունք հոկտեմբերի 2-ին։

Բարձունքի վրա, որը պահում էիք, ի՞նչ ստորաբաժանումներ կային, ընդհանուր քա՞նի հոգի էիք:

Բարձունքում եղել է 6 հոգի Ջրականի զորամասի հակատանկային դասակից, մնացածը մեր՝ Որոտանի զորամասից․ ՀԱՆ-ի, հակատանկայինի, դիպուկահարների դասակները, հետախուզական, մոտոհրաձգային վաշտերից անձնակազմ։ Ընդհանուր՝ մոտ 30-40 հոգի։

Ի՞նչ խնդիր էր դրված ձեր առաջ բարձունքում:

Հոկտեմբերի 3-ին՝ մեր գալու հաջորդ օրը, պետք է հակահարձակում անեինք․ հրաման ունեինք առաջ գնալու Մարջանլուից ավելի վերև, ինչքան կարենայինք։ Հետևից մեզ պետք է միանար մեր զորամասի մոտոհրաձգային 30 հոգանոց դասակը։ Հետո իմացանք, որ մեզ փոխօգնության եկող դասակը հրետակոծության է ենթարկվել` տալով զոհեր և վիրավորներ, այդպես էլ բարձունք չեն հասել։

Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդը հարձակվեց և կարողացավ վերցնել մեր բարձունքը։

Ո՞ր կողմից էր հակառակորդը հարձակվում բարձունքի վրա, ի՞նչ զինատեսակներ էր օգտագործում, ո՞նց վերցրին բարձունքը:

Մեր գալու օրը՝ հոկտեմբերի 2-ի ցերեկն արդեն ուժեր էին կենտրոնացել բարձունքի ներքևում։ Այդտեղ չեզոք գոտի էր, որտեղից էն կողմ հակառակորդն էր, ցերեկը հարձակումներ եղան, բայց կարողացանք դիմակայել։

Հոկտեմբերի 2-ի գիշերը ավիահարվածից զոհվեց մեր շտաբի պետը՝ Էդգար Մաթևոսյանը, ու հարձակում սկսվեց մեր բարձունքի վրա, հակառակորդը գիշերային տեսանելիության սարքերով սկսեց բարձանալ։ Իմ դասակի հրամանատարը՝ Վանեսյան Գարիկը, վիրավորվեց, ես ու մեր դասակից Գերասիմյան Մարատը մոտեցանք իրեն, որ օգնենք, դիպուկահարի կրակոցից Մարատն էլ վիրավորվեց, հետո իմացա, որ երկուսն էլ զոհվել են։ Այդ ժամանակ ես բեկորային վնասվածք էի ստացել պարանոցի շրջանում, ինձ գցեցի ձորը, գիտակցությունս տեղն էր, մոտ հարյուր մետր քայլեցի դեպի հրամանատարական դիտակետ, գումարտակի հրամանատարը՝ Արթուր Քոչարյանը, կարգադրեց, որ մեզ՝ վիրավորներիս՝ մոտ 9 հոգի, տանեն Իշխանաձոր։ Դիրքում մնացած տղերքից 12 հոգի զոհվեց: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր