211652_close_icon
views-count110969 դիտում article-date 21:46 05-07-2022

Ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են Range Rover-ը, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր. դեպքի վայրում էլ հայտնաբերվել էր Կալաշնիկովից կրակված 26 պարկուճ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կատարելով հսկայածավալ աշխատանքներ, Կոտայքի մարզում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողային հատվածներում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանը  միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայր, որպեսզի դատարանը խուզարկության թույտվություն տա՝ ոստիկանների և քննիչների կողմից Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի ավտոտնակում կասկածելի Range Rover-ը  հայտնաբերելու  համար:

Դատարանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անելուց հետո, խորհրդակցական սենյակից վերադարձել և որոշել է  բավարարել միջնորդությունը:

Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետների հետ նշված ավտոտնակում հայտնաբերել են Range Rover-ը, որը ընթերականների ներկայությամբ քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ավտոքարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ,  որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել են երեկ՝ հուլիսի 4-ին, Գագարին ավանի սկզբնամասում:

Փաստի առթիվ Ա. Մխեյանի կողմից հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի հրազենի գործադրմամբ կատարված խուլիգանություն և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է: 

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 4-ին կրակոցներ էին հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ  Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:

Օպերատիվորեն  ժամանել էին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանը, և ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:

Օպերատիվորեն  ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի և նույն վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին «Կալաշնիկով» ավտոմատից կրակված 25-ից ավելի պարկուճ: Քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարել  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  փորձաքրեագետների հետ:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ էր նախաձեռնվել: Մարզի ոստիկանապետի կարգարդությամբ Սևանի ոստիկանները պարզում էին՝  արդյոք կրակոցների հետևանքով հիվանդանոցներում վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ:

Դեպքի վայր էր ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 244+
244+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր