211652_close_icon
views-count884 դիտում article-date 19:57 03-07-2022

Ազգային կրթության մեջ է մեր փրկությունը․ Արթուր Թովմասյան

Յուրաքանչյուր կենսունակ` իր առաքելության գիտակցումն ունեցող Ազգ, ելնելով սեփական աշխարհընկալումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատևման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջությունը հանդես է գալիս իբրև տվյալ Ազգի գաղափարախոսություն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը։

«Այն նրա համար դառնում է մի տեսակ Ավետարան, որով նա առաջնորդվում է իր գոյության ընթացքում: Առանց այդ գաղափարախոսության` որևէ Ազգ կենսունակ չէ ազգերի գոյության պայքարում: Առանց դրա, նա դառնում է պատեհապաշտ` գործելակերպի մեջ անսկզբունք, նպատակի և անելիքի մեջ չկողմնորոշվող և, հաճախ, իբրև դեպքերի խաղալիք, դուրս է մնում պատմության ասպարեզից. վկա` Ազգերի գոյապայքարը: Այդ է ցույց տալիս նաև մեր պատմությունը, որի արյունոտ ու արցունքոտ էջերից շատերը արդյունք են սեփական գաղափարախոսության բացակայության և օտար արժեքների, ուսմունքների ազդեցության:

Իմ կարծիքով, Ազգային գաղափարախոսությունը` իբրև Ազգային գաղափարների համակարգ, իբրև Ազգի առաքելության իմաստաբանություն, գոյություն ունի ի սկզբանե, Ազգի ծնունդի հետ, և խնդիրը ո՛չ թե այն ստեղծելը, այլ` ճանաչելը, հայտնագործելն է:

Այդուհանդերձ, Ազգային գաղափարախոսությունը մեկ ամբողջական փաստաթուղթ չէ և ներառում է գաղափարական մի շարք համակարգեր, որոնք թեև ժամանակների ու շոշափվող հարթությունների առումով տարբեր են, բայց էաբանորեն նույնն են:

Հայկական գաղափարախոսության մեջ առկա են և՛ Այբուբենը, և՛ Էպոսը, և՛ հայոց Աստվածաճանաչողությունը, և՛ Ցեղակրոնությունը, և՛ Տարոնականությունը... և՛ ապագայում ստեղծվելիք արժեքավորը, որոնք ունենալով իրենց ուրույն տեղը գաղափարախոսության մեջ` ամբողջացնում են այն:

Թերահավատների համար ասեմ, որ անպայմանորեն կան ընդհանրական գաղափարներ և արժեքներ /Հայրենիք, անկախություն, լեզու, մշակույթ, ընտանիք և այլն/ բոլոր այն հայորդիների համար, որոնք շատ թե քիչ պարտավորվածություն են զգում Ազգի և Հայրենիքի հանդեպ: Իսկ Ազգային գաղափարախոսությունը, մեկ այլ ձևակերպմամբ, այդ ընդհանրական` Ազգի անդամներին իրար հոգեպես կամ գիտակցորեն կապող, շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգն է:

Մեր ողբերգությունը նրանում չէ՛, որ աշխարհը չի ճանանչում Հայ Ազգին, ողբերգությունը նրանում է, որ հենց մենք մեզ չենք ճանանչում որպես Ազգ: Ու ասեմ ավելին, լինելով այդպիսին դարեր ի վեր բողոքում ենք անցյալից ու խորապես մեղանչում ենք թե՛ մեր ապագայից, և թե՛ աշխարհի մարդկությունից։ Մենք որպես Ա՛զգ, պարտավոր ենք աշխարհին և մարդկությանը տրամադրելու մեր լավագույնը, ինչի պակասը մենք երբեք չենք ունեցել որպես Ազգ։

Հ.Գ. Նայելով այսօրվա մեր իրականությանը եզրակացությունս մեկն է` Ազգային կրթության մեջ է մեր փրկությունը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր