211652_close_icon
views-count1660 դիտում article-date 10:19 25-06-2022

Լավրովը ևս մեկ անգամ «թաղեց» Մինսկի խումբը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Սերգեյ Լավովն այցելել է Բաքու՝ դրանով իսկ «հավասարակշռելով» երկու շաբաթ առաջ Երեւան կատարած այցը: Սակայն այստեղ նրա ամենահետաքրքիր հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Ղարաբաղյան հակամարտությունը, այլ Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացմանը՝ «հայկական ընկերների ցանկությամբ»: Բաքվում՝ հակառակը, ուշագրավ էին ՌԴ արտգործնախարարի՝ հե՛նց Արցախյան խնդրին առնչվող մտքերը: Դրանցից թերեւս կարելի է առանձնացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի թեման:

Նախ՝ Լավրովը Բաքվում պնդում է, որ պատերազմից հետո «իրավիճակ է փոխվել», եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման ծրագրերը մնացել են անցյալում: Դա նշանակում է, որ Ռուսաստանն ընդունելի է համարում ռազմական ճանապարհով հարցի լուծման հետեւանքները, եւ հիմա մնում է այն վիճակը, որը Ադրբեջանը ստացել է 2020 թվականի պատերազմի արդյունքում, «լեգիտիմացնել»՝ այլեւս որեւէ ձեւով հաշվի չառնելով այն նախագծերը, որոնք տասնամյակների ընթացքում մշակվել են համանախագահների եւ կողմերի ջանքերով: Հիշեցնեմ, որ այս բոլոր ծրագրերում կար «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը եւ այսպես թե այնպես շոշափվում է Արցախի կարգավիճակի խնդիրն ու ինքնորոշման իրավունքը:

Եթե հետեւողականորեն կիրառվի այդ մոտեցումը, ապա «նոր իրավիճակ» կարող է ստեղծվել ագրեսիայով եւ ռազմական հանցագործություններով: Օրինակ, եթե Ռուսաստանը կարողանա գրավել ամբողջ Ուկրաինան, ապա այդ երկիրը պիտի ընդունի հենց այդ «status quo»-ն եւ ինքնալուծարվի: Այդ պարագայում ոչ մի դիվանագիտություն էլ պետք չէ՝ բոլոր հարցերը լուծվում են ուժի, զենքի միջոցով: 

Նման մոտեցումը հակասության մեջ է մտնում հենց Ռուսաստանի՝ ավելի վաղ արտահայտած դիրքորոշման հետ, որն արձանագրվել է այս թվականի ապրիլի 19-ի Պուտին-Փաշինյան 30 կետանոց հայտարարության մեջ, որի կետերից մեկը կարեւորում է Մինսկի խմբի դերը:

Լավրովը Բաքվում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարել է Արևմուտքի նախաձեռնությամբ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Սակայն մի քանի օր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը նշել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ` Մինսկի խմբի շրջանակներում:

Արեւմուտքը, ի դեմս Միացյալ նահանգների, որեւէ նախաձեռնություն չի դրսեւորում դադարեցնելու Մինսկի խմբի գործողությունները: Գուցե «նախաձեռնությունը» Ռուսաստանի՞ց է գալիս:

Եվ, վերջապես, Լավրովը Բաքվում ոչ մի անգամ չի օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր