Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավոտվթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Գ-ի վարած Opel Zafira մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Անդրանիկ Հ-ի վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել այնտեղով անցնող գազատար խողովակին և հայտնվել դաշտում, Opel-ը՝ գլխիվայր, ինչից առաջացել է հրդեհ։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սաֆարյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզի ԳԳՄ-ի ծառայողները։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: