211652_close_icon
views-count316 դիտում article-date 10:34 24-06-2022

ԱԺ-ն փոխարինել 88 ռոբոտներով․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ի՞նչ է մարդուն տալիս պատգամավորական մանդատը: Գործարարի դեպքում՝ հարցի պատասխանը պարզ է. իր մանդատով նա, այսպես թե այնպես, մոտ է կանգնում իշխանությանը եւ ապահովագրում է իր բիզնեսը: Գուցե նաեւ կան մարդիկ, որոնց փառասիրությունը շոյվում է «ՑեԿա»-ի շենք գնալով եւ նիստերի դահլիճի աթոռներին բազմելով: Մնացածի դրդապատճառներն այնքան էլ պարզ չեն (չեմ բացառում, որ նրանցից ոմանց էլ գրավում է, ըստ էության, ոչինչ չանելով, բավականին բարձր աշխատավարձ ստանալը):

Եթե խնդիրն ընդդիմախոսներին «բարոյապես ջախջախելն է», ապա դա կարելի է անել նաեւ առանց խորհրդարանական ամբիոնի՝ նստիր համակարգչիդ վեբ-խցիկի առաջ եւ ջախջախիր, որքան սիրտդ կուզի: Եթե օգտագործես թունդ, ցանկալի է ոչ նորմատիվ բառապաշար, ապա լսարանդ ավելի մեծ կլինի, քան ցանկացած պատգամավորինը:

Օրենսդիր աշխատա՞նք: Բայց վերեւներում՝ կառավարությունում, ամեն ինչ որոշված է: «Ճիշտ կոճակը» սեղմելու համար կարելի է չպատկանել homo sapiens տեսակին, ընդհանրապես կենդանի էակ չլինել: Բարձր տեխնոլոգիաների մեր դարում խնդիր չկա 88 ռոբոտներ նստեցնել դահլիճի աթոռներին եւ կառավարության բերած օրենքների դեպքում դրանց ծրագրավորել «այո»-ի, իսկ ընդդիմության առաջարկած նախագծերի պարագայում՝ «ոչ»-ի:

1995 թվականից ի վեր՝ Ազգային ժողովի դերը մեր քաղաքական կյանքում գրեթե զրոյական է: Ընդդիմադիր պատգամավորներն այս տարիների ընթացքում կրքոտ ելույթներ էին ունենում, քննադատում էին իշխանության օրենսդրական նախաձեռնությունները, բայց հետո միացվում էր քվեարկության մեխանիզմը եւ իշխանահաճո որոշումն ընդունվում էր: 

Հետեւաբար, եթե մարդը ցանկություն ունի ինչ-որ բան փոխելու այս կյանքում, ինչ-որ ձեւով ազդել իրավիճակի վրա, նա պետք է այլ տեղ փնտրի իր գաղափարների իրագործման համար: Խորհրդարանում նա չի կարողանա իրականացնել իր այդ իդեալիստական ձգտումները: Նման ձգտումներ ունեցող մարդը պարզապես կձանձրանա խորհրդարանի երբեմն արտաքուստ բուռն, բայց իրականում միապաղաղ մթնոլորտում:

Արթուր Վանեցյանի քայլն՝ այդ առումով, ողջունելի է: Եվ որքան էլ իշխանության քարոզիչները հայտարարեն, թե նա հանձնվել է, հասկացել է, որ իրենց դեմ խաղ չկա, այդ քայլը կարող է իրականում հիմք դառնալ դրական գործընթացի համար: Նման գործընթաց, իմ կարծիքով, տեղի կունենար, եթե երկու խմբակցությունների բոլոր պատգամավորները միաժամանակ վայր դնեին իրենց մանդատները: Իսկ իրենց ցուցակների հաջորդ թեկնածուները շարունակաբար նույնպես հրաժարվեին մանդատներից: Չեմ կարծում, որ դա անմիջապես կհանգեցներ ԱԺ-ի լուծարմանը: Բայց կլիներ իրական խաղաղ դիմադրության դրսեւորում: Միեւնույն ժամանակ կդադարեին խոսակցությունները, թե՝ «աշխատավարձ եք ստանում, պադավատներից եք օգտվում, բայց գործ չեք անում»:

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ դա տեղի չի ունենա: Հավանաբար, պատգամավորական մանդատի մեջ կա յուրահատուկ մի քաղցրություն, որը մենք՝ շարքային քաղաքացիներս, չենք հասկանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր