211652_close_icon
views-count1058 դիտում article-date 15:57 23-06-2022

Մայիսի ընթացքում մենք նոր պատմական բացարձակ ռեկորդ ունենք. Փաշինյան

Մայիսի ընթացքում մենք նոր պատմական բացարձակ ռեկորդ ունենք Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի։ Մայիսին Հայաստանում արձանագրվել է 673 224 վճարովի աշխատատեղ: Այս մասին, Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հաշվառում ենք միայն ու միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ եւ եկամտային հարկ: 2021-ի մայիսի համեմատ աշխատատեղերն ավել են 38 273-ով կամ 6 տոկոսով: 2019-ի մայիսի համեմատ ավել են 72 359-ով կամ 12 տոկոսով, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ՝ 125 235-ով: Այսինքն՝ 2018-ի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է, ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ:

Հաջորդ կարեւոր նորությունը, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է, աշխատավարձի ֆոնդն է: Այսինքն բոլոր աշխատողներին վճարած ընդհանուր աշխատավարձը: Այդ ֆոնդը մայիսին կազմել է 160 մլրդ 56 մլն դրամ: Այս ցուցանիշը 2021-ի մայիսի համեմատ ավել է 4 մլրդ 531 մլն դրամով, իսկ 2018-ի մայիսի համեմատ ավել է 63 մլրդ 369 մլն դրամով կամ 65 տոկոսով»,- ասաց նա:

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա մայիսին եկամտային հարկի ընդհանուր ցուցանիշը կազմել է 32 մլրդ 741 մլն դրամ, որը 2021-ի մայիսի համեմատ ավել է 3 մլրդ 811 մլն դրամով, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ ավել է 8 մլրդ 578 մլն դրամով:

«Միջին ամսական աշխատավարձը 2022-ի մայիսին կազմել է 237 745 դրամ, որը 2021-ի մայիսի նկատմամբ ավել է 25 592 դրամով կամ 12 տոկոսով: Սա կարեւոր ցուցանիշ է,հաշվի առնելով գնաճը: Այսինքն աշխատող մարդու աշխատավարձը 12 տոկոսով աճել է: 2019-ի նկատմամբ ավել է 50 667 դրամով կամ 27 տոկոսով, իսկ 2018-ի մայիսի համեմատ 61 306 դրամով կամ 34,7 տոկոսով»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր