211652_close_icon
views-count642 դիտում article-date 09:37 22-06-2022

Պետությունը պետք է գործուն մասնակցություն ունենա․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մայիսին մեզ մոտ գնաճը 9 տոկոս է կազմել։ Եվ սա, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի գնահատմամբ, չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության եւ ընդհանուր մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց պետք է հասկանանք, որ 9 տոկոս գնաճը, սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը ենթադրում են, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է։

Այս մասին օրերս ԿԲ նախագահը հայտնել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Նա նաեւ նշել է, թե, դատելով աշխարհաքաղաքական ծավալումներից, առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը դեռ պահպանվելու է։ ԿԲ կանխատեսումների համաձայն՝ այս պահին 9 տոկոս գնաճը մոտակա ամիսներին բարձրացման միտումներ էլի կցուցաբերի, բայց տարեվերջին այս պահի դրությամբ ունեցած գնաճից ավելի ցածր գնաճ կունենանք։ Եթե, իհարկե, ԿԲ նախագահի խոսքով, «որեւէ նոր արտասովոր բան տեղի չունենա»։

Այս «արտասովոր բանը», հասկանալի է, մեզանից կախված չէ եւ պայմանավորված է դարձյալ միջազգային ծավալումներով: Ինչը, որտեղն ու ինչպեսը ընթացքը ցույց կտա։ Բայց սա չի նշանակում ձեռքերը ծալած նստել ու սպասել այդ ծավալումներին։ Դրանից հնարավորինս քիչ ազդվելու համար պետք է լուծել պարենային ապահովության եւ ռազմավարական պաշարների ապահովվածության հարցերը։ Հնարավորինս շուտ եւ հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով։ Ի դեպ, այս հարցերը անընդհատ պետք է լուծված լինեն, եթե նույնիսկ միջազգային զարգացումները բարենպաստ լինեն ու  մտահոգության տեղիք չտան։

Փորձը ցույց է տվել, որ կտրուկ բացասական փոփոխություններ միշտ կարող են լինել, եւ, հետեւաբար, մենք միշտ պետք է պատրաստ լինենք հնարավոր վատագույն սցենարներին։ Միով բանիվ՝ պետությունը պետք է մշտապես ունենա իր պաշարները։ Ի վերջո՝ երկրի տնտեսական քաղաքականությունն ու տրամաբանությունը պետք է բխեն անվտանգության օրակարգից։

Շատերը թյուրընկալմամբ կարող են մեր ասածը վատատեսություն համարել եւ գնաճային երեւույթները հակադարձել տնտեսական ակտիվության փաստով։ Այո, բայց այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե այդ տնտեսական ակտիվության վրա ինչն է ազդել։ Օրինակ՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսական ակտիվությանն էապես նպաստել է մետաղների միջազգային գնաճը։  Ընդ որում՝ ո՛չ թեթեւակի գնաճը։

Այսպես՝ 2021 թ. պղնձի միջազգային գնային ցուցանիշը 2020 թ. համեմատ բարձր է եղել մոտ 51 տոկոսով, իսկ մոլիբդենինը՝ 83 տոկոսով: Զուգահեռ՝ 2021 թ. Հայաստանում 12-ամսյա գնաճը 7.7 տոկոս է կազմել։ Եվ այս 7.7 տոկոսից 4.8 տոկոսային կետը պայմանավորված է եղել պարենի եւ ոչ ոգելից խմիչքի գնաճով։ Ու, ի դեպ, այդ 7.7 տոկոսը վերջին տասը տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն էր։ Պետության սահմանած թիրախային 4 տոկոսի սահմանը գնաճը վերջին անգամ անցել էր միայն 2014 թ.։ Ինչ պատկեր կունենանք այս տարեվերջին, հաջորդ տարեսկզբին կհասկանանք, երբ կամփոփվեն տվյալները»։

Մանրամասն՝ թերթի երեկվա համարում։

Նմանատիպ նյութեր