211652_close_icon
views-count759 դիտում article-date 10:51 22-06-2022

Պուտինը, Տոկաևը և «ռուսական աշխարհի» փլուզումը. «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանը նախ նվազեցրել, ապա ամբողջությամբ դադարեցրել է ղազախական նավթի առաքումը Նովոռոսիյսկի Կասպյան խողովակաշարի կոնսորցիումով, հաղորդում են լրատվամիջոցները: Դիտորդները նշում են, որ Ղազախստանից նավթի տարանցման հետ կապված դժվարությունները առաջացել են հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ելույթից անմիջապես հետո, որտեղ նա «ԴԺՀ»-ն և «ԼՊՌ»-ն անվանել է քվազիպետական սուբյեկտներ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ղազախստանի ղեկավարի խոսքերով, եթե ամբողջ աշխարհում իրացվի ազգային ինքնորոշման իրավունքը, ապա ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների փոխարեն կհայտնվեն ավելի քան 500 պետություններ.

«Իհարկե, քաոս է լինելու»,- հավելել է նա։ «Այդ պատճառով էլ մենք չենք ճանաչում ո՛չ Թայվանը, ո՛չ Կոսովոն, ո՛չ Հարավային Օսիան, և ոչ էլ Աբխազիան»։

Այս ամենին ականատես է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նույնպես ներկա էր լիագումար նիստին։ Սակայն, այս հարցի հետ կապված, նա հրապարակային քննարկման մեջ չի մտել։

Սա հրապարակային ապտակ է Պուտինին, «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է քաղաքական դիտորդ Իվան Պրեոբրաժենսկին՝ գնահատելով Տոկաևի հայտարարությունը։ Նրան թվում է, որ ըստ երևույթին, Սանկտ Պետերբուրգում Ղազախստանի ղեկավարից ակնկալվում էր խուսափել Մոսկվայի համար տհաճ բոլոր թեմաներից։

«Մոսկվան այժմ Տոկաևից պահանջում է Ղազախստանը դարձնել այն, ինչ նախկինում եղել է Բելառուսը՝ մի երկիր, որի միջոցով Ռուսաստանը կշրջանցի պատժամիջոցները»,- պարզաբանում է Իվան Պրեոբրաժենսկին: «Սակայն, ի տարբերություն Բելառուսի, Ղազախստանի տնտեսությունը բացարձակապես ուղղված է դեպի համաշխարհային տնտեսություն՝ Եվրամիություն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, և Թուրքիա։ Ռուսաստանը իհարկե շատ մեծ գործընկեր է Ղազախստանի համար, բայց Արևմուտքն ընդհանուր առմամբ ավելի մեծ է, և երկիրը չի պատրաստվում կորցնել դա։ Այդ պատճառով էլ, հասկանալով Ռուսաստանի իրավիճակի բարդությունը, Տոկաևը հավատարիմ է իր սկզբունքային դիրքորոշմանը, բացահայտորեն հայտարարելով, որ Մոսկվան չէ կարող իրեն թելադրել, թե ինչ անել»։

Մինչդեռ Ռուսաստանը անհետևանք չի թողել Տոկաևի հայտարարությունը, ընդգծել է քաղաքական դիտորդը՝ անդրադառնալով Նովոռոսիյսկ նավահանգստի տերմինալում ղազախական նավթի տարանցման դադարեցմանը։ «Կարծում եմ, որ Մոսկվան աստիճանաբար կձեռնարկի ճնշման այլ միջոցներ։ Սա նման է տնտեսական պատերազմ սկսելուն, այդ պատճառով էլ կարծում եմ, որ հակամարտությունն ապագայում միայն կխորանա»,- ամփոփել է Իվան Պրեոբրաժենսկին։

Քաղաքական վերլուծաբան Դմիտրի Օրեշկինի կարծիքով, Տոկաևի հրապարակային հայտարարությունը վնասում է Պուտինի ռազմավարությանը Ուկրաինայի նկատմամբ։

«Նրանք, ովքեր ներկա են գտնվել մասնավոր զրույցին, ասում են, որ Պուտինը ցնցվել էր Տոկաևի ելույթից», - հավելել է «Ամերիկայի ձայն»-ի զրուցակիցը։ «Նա կտրուկ շրջվել էր խոսակցից, Ղազախստանի ղեկավարի ուղերձը հասցնելով իր նպատակին: Բնականաբար, այս պատմությունը հեռուստատեսությամբ չի ցուցադրվել, սակայն դա ոչինչ չի փոխում։»

Դմիտրի Օրեշկինը կարծում է, որ Տոկաևն իր հայտարարությամբ ցանկացել է ընդգծել, որ Ղազախստանն ինքնիշխան պետություն է։ Ըստ քաղաքագետի՝ Ղազախստանը բավականին բազմաբևեռ քաղաքականություն ունի, որի նպատակն է «Չինաստանի հետ պահպանել հիանալի հարաբերություններ, գուցե նույնիսկ ավելի լավ, քան Մոսկվայի», - շարունակում է նա։ -«Ինչպես նաև բավականին լավ հարաբերություններ պահպանել Եվրամիության հետ և չափավոր նորմալ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ։ Տոկաևը գիտակցում է, որ Պուտինի կողմից Ղազախստանի դեմ ռազմական գործողություններ սկսելը հիմա լիովին անհնար է: Կրեմլը չի կարող միանգամից երկու պատերազմ մղել»:

Միևնույն ժամանակ, քաղաքագետը չի բացառում, որ Պուտինը դեռ կարող է ինչ որ «կեղտոտ հնարք» կազմակերպել Տոկաևի դեմ.

Սանկտ Պետերբուրգի ֆորումում Տոկաևը Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ին և ոչ թե ռուսական զորքերին: Նա այդպես հասկացրել է, որ այնքան էլ երախտապարտ չէ Պուտինին: Կրեմլի հայեցակարգերի համաձայն սա համարվում է դավաճանություն, իսկ արտաքին դիտորդների համար՝ նշան, որ Պուտինի տարբերակով «ռուսական աշխարհի» փլուզումը մոտ է: Կրեմլը արդեն չորս ամիս է չի կարողանում Մինսկին համոզել ռազմական գործողություններ սկսել, չնայած նրան, որ Լուկաշենկոն ավելի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից քան Տոկաևը։

Մի խոսքով, հետխորհրդային տարածքում Պուտինին արդեն ոչ ոք չի ենթարկվում, և նրա համար դա մեծ աղետ է, եզրափակել է Դմիտրի Օրեշկինը։

Նմանատիպ նյութեր