211652_close_icon
views-count18341 դիտում article-date 22:37 18-06-2022

Քեզ բացակա չենք դնի. Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Գագիկ Միկիչյան. դու բարձր պահեցիր ոչ միայն Գուգարք գյուղի պատիվը, այլ նաև՝ կյանքդ տվեցիր հանուն Արցախի ու Հայաստանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գագիկ Սմբատի Միկիչյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 31-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում: Վաղ մանկությունն անց է կացրել հայրենի գյուղում, ապա հետագայում ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր:
 
2007թ. ընդունվել է Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցը: Դպրոցական տարիներին միշտ աչքի է ընկել իր օրինակելի վարքով և ուսման առաջադիմությամբ, մասնակցել է դպրոցում կայանալիք միջոցառումներին:
 
Շատ է սիրել հատկապես ՆԶՊ առարկան և մրցույթների ժամանակ գրավել է պատվավոր հորիզոնականներ, նվաճել գավաթներ՝ բարձր պահելով դպրոցի պատիվը:
 
Դեռ վաղ տարիքից Գագիկը հաճախում էր տարբեր սպորտաձևերի, սակայն հետագայում նախապատվությունը տվեց սամբո սպորտաձևին, որտեղ էլ գրանցել է բազում հաջողություններ, արժանացել մի շարք պատվոգրերի և մեդալների:
 
Դպրոցն ավարտելուց հետո, 2016թ. ընդունվել է Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ՝ ոսկերչության բաժին: Ապագա ոսկերիչը քոլեջում էլ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը: 2019թ գերազանց ավարտել է քոլեջը:
 
2019թ. դեկտեմբերի 20-ին Գագիկը զորակոչվեց բանակ: Ծառայում էր Կապան քաղաքում, գրադի վարորդ էր: Ծառայության 10 ամիսների ընթացքում միշտ ոգևորությամ էր խոսում ծառայության մասին, սիրում էր բանակային կյանքը:
 
Եղել է «10 լավագույն զինվորներ» անվանակարգում, արժանացել «Լավագույն զինվոր» պատվոգրին: 2020թ սեպտեմբերի 7-ին կրկին զորավարժություններ կատարելու համար տեղափոխվել են Ջրական (Ջաբրայիլ):
 
Սեպտեմբերի 26-ի (լույս 27) գիշերը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ծնողների հետ, սակայն չի ասել, թե որտեղ են գտնվում: 27-ի առավոտյան սկսվում է չարաբաստիկ պատերազմը...
 
Սեպտեմբերի 29-ին վերջին հեռախոսազրույցն է ունեցել ծնողների հետ: Գագիկը վստահեցնում էր, որ իրենք հեռու են կռվի դաշտից և իրենց ոչ մի վտանգ չի սպառնում:

Գագիկի վերջին զանգը եղավ սեպտեմբերի 29-ին՝ մի քանի վայրկյանով, 2 բառով. «Լավ մնացեք»:
 
Հոկտեմբերի 2-ին իմացանք, որ 4 օր շարունակ համառ մարտեր մղելուց ու թշնամու տասնյակ զինտեխնիկա ոչնչացնելուց հետո, սեպտեմբերի 30-ին Գագիկն իր անունը հավերժացրել է հայ քաջերի շարքում:
 
Գուգարքի հերոսը աճյունը ամփոփված է Ս. Սարգսի բարձունքում, որտեղ Գ. Նժդեհի գլխավորությամբ ավարտվել է Ղարաքիլիսայի ճակատամարտը:
 
Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով:

Գագիկը ծնվել էր ապացուցելու, որ ինքն անմահ հերոս է, ում անունը պետք է ոսկե տառերով գրվի պատմության մեջ:
 
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր