211652_close_icon
views-count1366 դիտում article-date 10:38 18-06-2022

Գագիկ Համբարյան․ Նիկոլ Փաշինյանը հասել է նրան, որ ՀՀ-ում չկա անկախ դատական իշխանություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ թվում է՝ մեր հասարակությանն էլ ոչինչ չի զարմացնի, իշխանությունը հայտնում է կարևորագույն կառույցում հերթական նշանակման կամ առնվազն նման մտադրության մասին:

Վերջին օրինակը գլխավոր դատախազի պաշտոնում արդարադատության նախկին փոխնախարար, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունն առաջադրելու որոշումն է: Նրա անունը կապվում էր հայտնի ձայնագրության հետ, ըստ որի, Աննա Վարդապետյանը ցուցում էր տվել դատավորին, թե ինչ մեղադրանք առաջադրեն ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, դիտարկելով այս իշխանության թե՛ ներկայիս, թե՛ վերջին 4 տարիների կադրային քաղաքականությունն ու կառավարման փորձը, «Փաստի» հետ զրույցում մի շարք խնդիրներ է մատնանշել:

«Նիկոլ Փաշինյանն իր կադրային քաղաքականությամբ ապացուցում է, որ անգամ 21-րդ դարում, ինչպես ասում էին կոմունիստները, «каждая кухарка может управлять государством»: Հենց նշված մտքին համապատասխան էլ պաշտոնյաների է նշանակում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ իր համար համապատասխան ոլորտի կառավարչի պրոֆեսիոնալիզմը ոչ թե երկրորդական, այլ անգամ տասներորդական տեղում է: Կարևորն այն է, որ համապատասխան նախարարը կամ համապատասխան պաշտոնյան հլու-հնազանդ ծառայի Հայաստանի վարչապետին, կատարի նրա բոլոր հրահանգները, որոնցից շատ-շատերը կարող են նաև օրենքից դուրս լինել, խնդիրներ առաջացնել նույն պաշտոնյայի համար: Այդուհանդերձ, պաշտոնյա նշանակելու միակ չափանիշը հլու-հնազանդ լինելն է, ամեն գնով, անգամ ինքնախայտառակվելու միջոցով Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզերի պաշտպանությունը: Չափանիշներից է նաև նրա առաջ քաշած ծրագրերի իրականացումը, որոնցից շատերը նաև հակապետական և հակահայկական են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Համբարյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի թաքցրել, թե ինչպես է կառավարում երկիրը: «Երբեք չպետք է մոռանանք 3 տարի առաջ նրա արտահայտած այն խոսքը, երբ ասաց՝ «էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ»: Մարդը շատ պարզ նշում էր, թե իրեն ինչպիսի դատաիրավական համակարգ է պետք: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ է այս առումով: Պարզ նշում է, որ իրեն անկախ, իրավունքը հարգող, Սահմանադրությամբ ու օրենքներով առաջնորդվող դատական իշխանություն պետք չէ: Իրեն պետք են դատավորներ, որոնք հլու-հանզանդ կկատարեն իր բոլոր պատվերները՝ սրա-նրա գլխին գործ սարքելով, սրան-նրան ամիսներով բանտերում պահելով: Իրեն պետք է իրավապահ համակարգ, որն ամբողջությամբ կենթարկվի իրեն ու կկատարի ամենաանբարոյական պատվերները: Օրինակ՝ երիտասարդների են ձերբակալում՝ իբրև ծերերին ծեծելու համար, ծերերը գալիս, ասում են՝ մեզ չեն ծեծել, բայց այդ մարդկանց շարունակում են բանտերում պահել: Այս մակարդակի դատաիրավական համակարգ ունենք, որի մասին Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է ու հիմա հասել է նրան, որ ՀՀ-ում չկա անկախ դատական իշխանություն, ՀՀում չկա անկախ իրավապահ համակարգ: Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգի ցինիզմը հասել է այն աստիճանի, որ իրենք առանց կաշկանդվելու կարող են հանրային ճանաչում ունեցող մարդկանց դեմ շինծու մեղադրանքներ ներկայացնել, նույնիսկ կոպտորեն խախտել ամբողջ հետաքննական ընթացակարգը և, հետաքննություն չանցկացնելով, անգամ քրեական գործ հարուցեն, ուղարկեն Քննչական կոմիտե»,-ասաց նա՝ շեշտելով, որ մեր պետությունում միայն իրավական և դատական համակարգերը չեն, որ նման մակարդակի են հասել:

«Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ոլորտի պախարակում և վարկաբեկում Նիկոլ Փաշինյանն առանձին ձևով է իրականացնում: Իշխանության գալուց հետո Փաշինյանի առաջին քայլը եղավ բանակի վարկաբեկումը, ինչն սկսվեց գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ շինծու, ֆեյք մեղադրանքներից: Գեներալ Մանվելն ինձ համար ընդունելի կերպար չի եղել: Բայց, ամեն դեպքում, մի քանի տեղերում նկարահանումներ անցկացնել, «տուշոնկայի» պատմություն սարքել, հետագայում այդ մարդու մահվան պատճառ դառնալ և մեկ անգամ գոնե վատ չզգալ, որ հիմքում միայն կեղծիք է եղել, կարող էր միայն Նիկոլը: Իսկ դատական իշխանության պախարակման հիմքում գրպանային դատավորներին մեծ քանակությամբ դատական համակարգ լցնելն է: Երբ Գագիկ Ջհանգիրյանի նման կերպարը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է, միայն այդ հանգամանքը բավական է եզրահանգումներ անել, թե Հայաստանում դատական համակարգն ինչպիսի վիճակում է:

Մանրամասն՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր