211652_close_icon
views-count659 դիտում article-date 16:04 17-06-2022

Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում գործարարության պաշտպանության իրավական կառուցակարգերը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին:

Այսօր նա ելույթ է ունեցել համաժողովի «Պաշտպանվելու իրավունք. գործարարությունը Ռուսաստանում և արտերկրում» թեմայով պանելային քննարկմանը: Վերջինիս օրակարգում քննարկվել են գլոբալ մարտահրավերների պայմաններում գործարարների, ձեռնարկատիրական գործունեության իրավական պաշտպանության կառուցակարգերը, այս ոլորտում միջազգային գործակցության ներուժը:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանում ներքին և արտաքին ներդրումների, գործարարության իրավական պաշտպանության ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ բարեփոխումներն ուղղված են տնտեսական գործունեության հավասար մեկնարկային պայմանների և ազատությունների ապահովման, պետական մարմինների, այլ սուբյեկտների կողմից ձեռնարկատիրական գործունեությանն անտեղի, անհիմն և ապօրինի միջամտությունից պաշտպանվելու տնտեսվարողների իրավունքների երաշխավորմանը:

Արթուր Դավթյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները, գործարարների իրավունքներն ու օրինական շահերը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելը ՀՀ դատախազության գործունեության հիմնական ուղղություններից է: Այդ մասին է վկայում ՀՀ գլխավոր դատախազությունում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով ստորաբաժանման առկայությունը: Ելնելով ոլորտում քրեական շարժընթացի շարունակական վերլուծության արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իր բուն սահմանադրական լիազորությունների իրականացումից բացի, նշանակալի ներդրում է ունենում նաև տնտեսական գործունեության ազատությունների, պաշտպանության օրենսդրության կատարելագործման գործում:

Միջազգային գործարար հարաբերությունների զարգացման առումով Արթուր Դավթյանը կարևորել է ձեռնարկատիրական գործունեության պաշտպանութունը երաշխավորող իրավական կարգավորումները համագործակցող պետությունների միջև ներդաշնակեցնելու անհրաժեշտությունը:

Մասնավորապես, հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում նշել է, որ Միության կոնկրետ իրավական կարգավորումները պարտավորեցնում են անդամ երկրների իրավապահ մարմիններին ապահովել իրենց աշխատանքի և մոտեցումների այնպիսի համարժեքություն, որի պայմաններում անդամ պետությունների քաղաքացիների, գործարարների համար երաշխավորված կլինեն ձեռնարկատիրական գործունեության անհրաժեշտ ազատություններն ու պաշտպանվածությունը և նրանք  չեն զգա ԵԱՏՄ-ի ներսում պետական սահմանների առկայությունը: Վերջինս հատկապես արդիական է աշխարհաքաղաքական վերջին զարգացումների և դրանից ածանցվող միջազգային տնտեսական հարաբերությունների համար առաջացած խնդիրների խորապատկերին:            
          
Այս իմաստով Արթուր Դավթյանը հավաստիացրել է, որ բոլոր պոտենցիալ ներդրողների համար Հայաստանում ապահովված են ինչպես տնտեսական ազատ գործունեության, անպես էլ դրանց իրավական պաշտպանության պայմանները:    
 
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին     
 

Նմանատիպ նյութեր