211652_close_icon
views-count1705 դիտում article-date 10:13 16-06-2022

«Դադարեցին զորակոչիկներ ուղարկել Արցախ, ինչից ՊԲ թիվը նվազում է»․ Կարեն Վրթանեսյան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դեմագոգիկ են, որովհետև թեպետ Փաշինյանը շատ բաներից է խոսում, բայց նույնիսկ եռակողմ հայտարարությունով պարտությունը չի վերջացել, այն շարունակվում է:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է. «Եթե նախկինում ԼՂ հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք ԼՂ կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները»:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Կարեն Վրթանեսյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ից հետո գրչի մի հարվածով հանձնվեցին ռազմավարական առումով կարևոր շրջաններ, Ադրբեջանին հանձնվեց նաև Հայաստանն Իրանին կապող Գորիս-Կապան ճանապարհի հատվածը, որի պատճառով կտրվեց կայուն կապն Իրանի հետ, բանակը գլխատված է, իսկ զինվորականները դուրս են գալիս բանակից:

«Արդեն ունենք ՊԲ ոչնչացումը: Ադրբեջանցիները 1994 թվականից այս կողմ անընդհատ պահանջում են հայկական ԶՈւ դուրսբերում Արցախից, իսկ Նիկոլ Փաշինյանը տակից դա է իրականացնում, օրինակ՝ դադարեցին զորակոչիկներ ուղարկել Արցախ, ինչից ՊԲ թիվը նվազում է, իսկ ադրբեջանցիներն անընդհատ դրանից օգտվում են»,- նշեց նա:

Ռազմական փորձագետը նկատեց՝ հիմա մերձիշխանական շրջանակները նույն Փառուխի դեպքերի հետ կապված անընդհատ մեղադրում են ռուս խաղաղապահներին. «Եթե մեղավոր են ռուս խաղաղապահները, ապա ինչո՞ւ հայկական զորքը չեք ուժեղացնում, ինչո՞ւ եք շարունակում այդ զորքը դուրս բերել: Եթե ռուսները խնդիր են, ինչո՞ւ եք Արցախից դուրս բերում զորքերը»:

Դիտարկմանը՝ իշխանություններն անընդհատ նշում են, որ սոցիալական օգնություն են տրամադրում Արցախին, նա արձագանքեց. «Սոցիալական օգնությունը խրամա՞տ է պահելու, դրամները տանելու են՝ խրամատներո՞ւմ են շարելու, ինչի՞ մասին է խոսքը: Որ ասում եմ՝ դեմագոգիա, իզուր չեմ ասում. Բացահայտ դեմագոգիա է, որի նպատակն է՝ ծածկադմփոց անել Արցախի հայաթափման պրոցեսը: Ամբողջ Արցախը վտանգված է, դա չհասկանալու համար մարդ կամ պետք է կատարյալ ապուշ լինի, կամ էլ իրականում՝ թշնամի, որն այդպիսի բառակույտերի միջոցով փորձում է մարդկանց քնեցնել, հանգստացնել, կտոր-կտոր տալով հայրենիքի հատվածները: Ավելին, այնպես չէ, որ միայն Արցախի խնդիրն է, Ադրբեջանն արդեն բացահայտ ներխուժում է ՀՀ տարածք, հայտնում է իր ախորժակների մասին, մի քանի միջանցք է ուզում և այդ ամենը հերթով ստանում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր