211652_close_icon
views-count1376 դիտում article-date 10:30 15-06-2022

Անհամբերները և անհույս հոռետեսները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ավստրիացի նշանավոր հոգեբան Վիկտոր Ֆրանկլը, որն, ինչպես հայտնի է, մի քանի տարի անցկացրել էր նացիստական համակենտրոնացման ճամբարում, պատմում էր, որ այդ սարսափելի պայմաններում առաջինը կոտրվում էին նրանք, ովքեր կարծում էին, թե այդ օրհասական վիճակը խիստ ժամանակավոր է, եւ վաղը կամ մյուս օրն ամեն ինչ կվերջանա, ու կյանքը կվերադառնա իր սովորական հունին: Նրանցից մի քիչ ավելի երկար էին դիմանում այն բանտարկյալները, որոնք վստահ էին, որ այդ սարսափը հավերժ է, եւ երբեք չի վերջանա: Եվ վերջապես, կարողացան վերապրել հիմնականում նրանք, ովքեր չէին մտածում ժամկետների մասին, եւ ամեն օր ու ամեն պահ փորձում էին ինչ-որ բանով զբաղվել, հատկապես, եթե այդ զբաղմունքը կարող էր օգուտ բերել մյուս մարդկանց:

Հայաստանում նրանք, ովքեր հարցնում են՝ «էս երկիրը ե՞րբ է դզվելու», ինչ-որ «վերջի» տենդագին սպասման մեջ են: Նրանք հաճախ այդ «վերջը» պատկերացնում են որպես իրենց անձնական հարցերի լուծում, բնակության վայրի փոփոխություն, արտագաղթ: Մինչդեռ նրանք, ովքեր համոզված են, որ ամեն ինչ անհույս է, շատ հավանական է, արդեն իսկ գնացել են երկրից:

Այդ անհույս հոռետեսների զանգվածն իր հերթին բաժանվում է երկու տարատեսակի՝ առաջինը նրանք են, ովքեր ցավում էին հայրենիքի համար, բայց «ցավազրկող» են ընդունել դոլարների կամ գուցե food stamp-երի տեսքով: Այդ մարդիկ, սովորաբար, հայաստանյան խնդիրներով չեն հետաքրքրվում եւ այդ թեմաներով չեն արտահայտվում: Հոռետեսների մյուս մասը շարունակում է ցավ ապրել, բայց այդ ցավն արտահայտում է յուրահատուկ ձեւով. «դուք՝ Հայաստանում մնացածներդ, հիմար եք, տգետ եք, ստրուկ եք եւ այլն»:

Մի կողմից, իհարկե, վիրավորական է, մյուս կողմից՝ այդ մարդկանց պետք է փորձել հասկանալ. նրանք հոգու խորքում վատ են զգում, որ հեռացել են հայրենիքից, եւ նման հոխորտանքներով փորձում են իրենք իրենց առջեւ արդարանալ՝ մեղադրելով ու ծաղրելով մեզ, որ մենք՝ «մեր կարճ խելքի պատճառով», շարունակում ենք ապրել Հայաստանում: Այդ հոռետեսական տրամադրությունները, կարելի է ասել, վարակիչ են: Պատերազմում պարտությունը եւ այդ պարտության, այսպես ասենք, ոչ պատշաճ իմաստավորումը քաղաքական վերնախավի կողմից դրան նպաստում են: 

Մակերեսային մակարդակով մեր հանրային խոսույթում վիճում են «նիկոլականներն» ու «հականիկոլականները»: Բայց, կարծում եմ, որ այդ «կռվարար զանգվածը» կազմում է հայ ժողովրդի հազիվ 20-30 տոկոսը: Մնացածը կամ լռում են, կամ անհամբեր հարցնում են, թե ե՞րբ է այս ամենը վերջանալու, կամ էլ ասում են, որ ամեն ինչ արդեն կորած է:

Բայց, ենթադրում եմ, որ նրանք, ովքեր լռում են, մեծամասնություն են կազմում: Խոսքը բոլոր հայերի, ոչ միայն հայաստանցիների մասին է: Հուսով եմ, որ այդ մարդիկ իրենց խոսքը դեռ կասեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր