211652_close_icon
views-count616 դիտում article-date 19:40 14-06-2022

Ժամանակակից արվեստի թանգարանը պատրաստվում է 50-ամյակին նվիրված ցուցահանդեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի ֆոնդերում պահվող ու երբևէ չցուցադրված գործերը կներկայացվեն արվեստասերներին: Կեսդարյա պատմությունը նշող թանգարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պատրաստվում է նոր ու բացառիկ ցուցադրության:

«Ցուցադրության մեջ ընդգրկված են հիմնականում թանգարանի պահոցից գործեր: Այստեղ 60-ականների, 80-ականների հեղինակներն են: Կան գործեր, որոնք երբեք չեն ցուցադրվել, կան նաև գործեր, որ ցուցադրվել են 40 տարի առաջ»,-նշում է թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը:

Ժամանակակից արվեստի թանգարանը բացվեց 1972թ.-ին: Հենրիկ Իգիթյանի գաղափարի շուրջ համախմբվեցին 60-ականների ամենավառ արվեստագետները: Այն խորհրդային միության առաջին ու միակ մոդեռն արվեստի կենտրոնն էր:

«Նա պարզապես խենթ էր, որ բոլորին համախմբում իր շուրջը: Մենք այն ժամանակ շատ ուրախ էինք, որ ցուցադրվելու հնարավորություն էինք ունենալու: Մի օր Սարոյանը եկավ թանգարան, շրջեց, նայեց ու ասաց, որ այդ օրն իր կյանքի ամենալավ օրն է»,-ասում է ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը:

«Խորհրդային տարիներին ժամանակակից արվեստն արգելված էր: Թանգարանի բացումը հեղափոխություն էր»,-նշում է Նունե Ավետիսյանը:

Թանգարանում պահպանվում է ավելի քան 2500 աշխատանք: Տարիների ընթացքում հավաքածուն լրացվել է երիտասարդ արվեստագետների գործերով: Թանգարանի հիմնադրման 50 և Հ. Իգիթյանի 90-ամյակներին նվիրված ցուցահանդեսին կներկայացվի 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանք: Վիդեոարտ, ինստալիացիաներ, տեսաֆիլմեր. ցուցահանդեսի բացման օրը կմեկնարկի նաև «Այդ Իգիթյանը...» լիամետրաժ ֆիլմի նկարահանումը:

Թանգարանի հոբելյանի առթիվ տպագրվել է նաև «Ժամանակակից արվեստի թանգարան» ռուսերեն և անգլերեն պատկերագրքի 3-րդ հատորը:

Ցուցադրությունը կբացվի հունիսի 17-ից՝ Հանրապետության հրապարակի ԱԳՆ նախկին շենքում: Ցուցահանդեսը կգործի 2 ամիս:

Հոբելյանական տարում ժամանակակից արվեստի թանգարանը հանդես կգա մի շարք հետաքրքիր այլ նախագծերով:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր