211652_close_icon
views-count2239 դիտում article-date 11:01 10-06-2022

Առանց Հայոց ցեղասպանության ընդունման հնարավոր չէ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եվրոպայի խոշոր կառույցներից մեկը՝ Եվրոպական խորհրդարանը, ժողովրդավարության եւ համամարդկային այլ հիմնարար արժեքներին հետեւելու հերթական կոչը հղեց Թուրքիային: Եվրոպական խորհրդարանի՝ 448 կողմ, 67 դեմ, 107 ձեռնպահ ձայներով ընդունված՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում, ի թիվս այլ դրույթների, անդրադարձ է եղել Հայաստան- Թուրքիա հարաբերություններ հաստատելու գործընթացին եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Այսօրվա առաջադեմ արժեհամակարգի կրողը եւ այն տարածող համաշխարհային այս խոշոր կառույցը, անտեսելով քաղաքական խիստ նպատակահարմարությունը, հայտարարում է, որ Թուրքիային չի կարող տեսնել իր կազմում, քանի դեռ վերջինս չի ճանաչել իր իրավանախորդի՝ 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի դեմ իրականացրած մեծ ոճրագործությունը: Եվրոպական խորհրդարանը ողջունել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ վերջին մերձեցումը` կապված երկկողմ շփումներ սկսելու, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու եւ երկու երկրների միջեւ ինքնաթիռների թռիչքները վերսկսելու որոշման հետ՝ այն համարելով շատ պոզիտիվ իրադարձություն, որը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարգավաճման եւ անվտանգության վրա:

ԵԽ-ն կոչ է անում Թուրքիային ճանապարհ հարթել թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ իրական հաշտեցման, ներառյալ Հայոց ցեղասպանության վեճի կարգավորման համար, ամբողջությամբ կատարել հայկական ու այլ մշակութային ժառանգությունները պաշտպանելու իր պարտավորությունները՝ հույս հայտնելով, որ դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման զարգացմանը: Եվրոպական խորհրդարանը եւս մեկ անգամ Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հին աշխարհամասը ներկայացնող այս միությունը մտահոգություններ ունի նաեւ ժամանակակից Թուրքիայի գործողությունների հարցով, մասնավորապես՝ այս երկրում գերակայող ազգայնական գաղափարախոսության եւ այն կրող քաղաքական ու այլ կազմակերպությունների առկայությամբ:

Զեկույցում միության անդամ երկրներին առաջարկվում է նույնիսկ դիտարկել թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության կասեցման հարցը: Վերջինս մեծ աջակցություն է ստանում պաշտոնական Անկարայից, եւ որի գործողությունները Եվրոպայի երկրները տեսան 2020 թ. հուլիսին՝ Տավուշի սահմանին ռազմական գործողություններից հետո, երբ այդ կազմակերպության անդամները դուրս եկան եվրոպական քաղաքների փողոցներ՝ վրեժի կոչերով: «Եվրոպական խորհրդարանը Եվրամիությանը եւ անդամ պետություններին հորդորել է ուսումնասիրել ԵՄ երկրներում «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու հնարավորությունը»,-ասվում է զեկույցում:

Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայի վերջին տարիների արտաքին քաղաքականությունը հակասում է Եվրոպական միության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերակայություններին, նաեւ՝ Կովկասի մասով: Զեկույցում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվել ակտիվացնելու ջանքերը երկրում հայերի եւ այլ փոքրամասնությունների իրավունքների վիճակի կարգավորման ուղղությամբ:

Եվրախորհրդարանի խոսնակ Նաչո Սանչես Ամորն էլ հարցի քննարկման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան Էրդողանը չէ, Էրդողանն էլ Թուրքիա չէ, եւ այդ երկրի վիճակն ամբողջությամբ օրվա իշխանությունների քաղաքականության հետեւանք է: «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ին անդամակցելու ցանկացած գործընթացի հիմքում ընկած արժեքներն ու սկզբունքները չեն կարող մի կողմ թողնվել աշխարհաքաղաքական որեւէ հանգամանքի պատճառով: Ահա թե ինչու խորհրդարանը եւ ես հուսով ենք, որ ԵՄ բոլոր կառույցները չեն լռի ներկայիս ավտորիտար շրջապտույտի առջեւ, որի մեջ խորտակվում է Թուրքիան»,- ասել է Ամորը Ստրասբուրգում լիագումար նիստում։ Նրա խոսքով՝ եթե փոփոխություններ չլինեն, ապա չի տեսնում, թե ինչպես կարող է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը տեւել եւս հինգ տարի։

Այլ կերպ ասած՝ անկախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքից եւ տարածաշրջանային զարգացումներից՝ Թուրքիան պարտավոր է համապատասխանել եվրոպական հիմնարար ժողովրդավարական չափանիշներին, իսկ առանց Հայոց ցեղասպանության ընդունման այն հնարավոր չի լինի:

Մանրամասն՝ թերթի երեկվա համարում։

Նմանատիպ նյութեր