211652_close_icon
views-count1500 դիտում article-date 19:23 09-06-2022

Ռուսաստանը պատրաստ է անել հնարավորը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ համաձայնություն գտնելու համար. Լավրովը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, որտեղ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Իր խոսքում ռուս պաշտոնյան ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հանձնառությունն է փոխանցում բոլոր պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Փաշինյանի հետ շփման, հատկապես՝ այս տարվա ապրիլին ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպման ժամանակ:

«Մենք հավատարիմ ենք բոլոր այն որոշումներին, որոնք ուղղված են մեր ռազմավարական համագործակցության և դաշնակցության խորացմանը»,- ասել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ այժմ առանձնահատուկ ուշադրություն են պահանջում տարածաշրջանային հարցերը և որ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն առաջնահերթություն է:

«Մենք նպատակաուղղված ենք նրան, որ դրանցում ամրագրված բոլոր դրույթները՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի ամբողջական նորմալացմանը, բոլոր, այդ թվում մարդասիրական խնդիրների կարգավորմանը, իրագործվեն»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը՝ փոխվարչապետերի մակարդակով, գտնվում է վերջանական պայմանավորվածությունների համաձայնեցման առաջընթաց գրանցած փուլում:

«Նույնը վերաբերում է սահմանազատմանը: Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հիմնադիր նիստը, մենք դա շատ կարևոր ենք համարում: Արդեն կնախապատրաստվենք հանդիպմանը Մոսկվայում՝ արդեն ռուս ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք, ղեկավարների պայմանավորվածության համաձայն, կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն, այդ թվում՝ քարտեզագրական նյութեր: Մենք, ընդհանուր առմամբ, հետաքրքրված ենք, որ մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ամբողջովին կարգավորվեն: Մենք, իհարկե, գիտենք այս առնչությամբ Ադրբեջանի ներկայացրած առաջարկների, ձեր դիրքորոշման մասին, որը դրվել է թղթի վրա: Այն ամենը, ինչ Ռուսաստանը կարող է անել փոխադարձ համաձայնություն գտնելու համար, պատրաստ կլինենք անել», - եզրափակել է Լավրովը:
 

Նմանատիպ նյութեր