211652_close_icon
views-count1540 դիտում article-date 14:11 09-06-2022

Սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու շահառու կարող է լինել ցանկացած ամուսնական զույգ, որոնցից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի է

Եթե քաղաքացին գնում է բանկ եւ ասում, որ ուզում եմ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցել եւ 25 մլն դրամի հիփոթեքային վարկ եմ ուզում, հիմա այդ 25 մլն դրամի վարկին կառավարություն ո՞նց է մասնակցում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրին, որը հստատվեց այսօր:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանեց, որ այդ 25 մլն դրամի 12 մլն դրամը եւ դրա 12 տոկոսի չափով տոկոսագումարները պետությունն է մարում, եւ մարում է 10 տարվա ընթացքում:

Փաշինյանը շարունակեց. «Ըստ էության, բանկի ռիսկը դառնում է 13 մլն-ը, որովհետեւ մնացած 12 մլն-ը եւ տոկոսները փակելու է կառավարությունը: Կառավարությունը 12 մլն դրամի չափով երաշխիք է տալիս բանկին եւ փակում վարկը»:

Ընդ որում, այս ծրագրի շահառուներ են ոչ միայն սահմանամերձ բնակվայրերի բնակիչները, այլ ցանկացած ամուսնական զույգ, որոնցից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի է:

«Օրինակ, եթե Երեւանի որեւէ բնակիչ ցանկություն կունենա սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցել, նա կարող է այս ծրագրի շահառու դառնալ»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ եթե ասենք քաղաքացին 20 մլն դրամի վարկ է վերցրել, որից 12 մլն-ը փակում է պետությունը, եւ այդ ընթացքում ունենում է երրորդ երեխան, այստեղ աշխատում է նաեւ մյուս ծրագիրը եւ եւս 2 մլն դրամ նրան տրամադրվում է:

Փաշինյանը նկատեց, որ եթե այդ քաղաքացին զինվորական էլ լինի, էլ ավելի մեծ կլինի աջակցությունը. «Էս պահերը մենք ճիշտ ենք չէ՞ հասկանում: Հետո ստուգո՞ւմ եք, որ չպարզվի, որ մենք այսպես  ճոխ-ճոխ ասում ենք, բայց սահմանափակումներ ենք գրել հետեւի տողում»:

Նմանատիպ նյութեր