211652_close_icon
views-count1214 դիտում article-date 13:21 09-06-2022

ԳՇ-ն պետք է միայն պաշտպանի ՀՀ սահմանները. Գլխավոր շտաբի պետը դառնում է Պաշտպանության նախարարի տեղակալ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտպանության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով օրենքի նախագծերի փաթեթը, նշեց, որ դրանցով նորովի են շարադրվում ՊՆ ոլորտում կառավարության լիազորությունները, առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի ոլորտում իրավասությունները, անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ եւ ծրագրեր ներառվում են ՊՆ պլանում,  խմբագրվում եւ հստակեցվում են պաշտպանության  նախարարության եւ ԶՈՒ գլխվոր շտաբի, նաեւ պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի լիազորությունների շրջանակը:

«ՊՆ-ին են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման եւ կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների  իրականացման ամբողջ համալիրը: ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ:

2020-ին հայտարարված զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում են ընտանեկան որոշակի պյմաններ ունենալու դեպքում զորակոչային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

Նախարարը խնդրեց հավանություն տալ օրենսդրական նախաձեռնությանն ու համարել այն անհետաձգելի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս նախագծով Գլխավոր շտաբի պետը դառնում է Պաշտպանության նախարարի տեղակալ, իսկ գնումների ամբողջ համակարգը իրականացվում է ՊՆ-ի կողմից. «Գլխավոր շտաբը գնումներով չի զբաղվում, Գլխավոր շտաբը զբաղվում է բացառապես Զինված ուժերի համար նախատեսված գործառույթներով», - ասաց վարչապետը։

Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե ԳՇ-ն պետք է միայն պաշտպանի ՀՀ սահմանները, զբաղվի մարտական պատրաստականությամբ. «Այսինքն՝ այն ամենով, որը բարձրացնելու է մեր բանակի մարտունակությունը»:

Նմանատիպ նյութեր