211652_close_icon
views-count1160 դիտում article-date 13:09 09-06-2022

Բանակի համար անորակ և թանկ գնով վրանների ձեռքբերման քրգործը 3 բարձրաստիճան պաշտոնյայի մասով ուղարկվել է դատարան

2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը,  խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները՝ մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ:

Դատախազությունից հայտնում են, որ արդյունքում՝ 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:

Բացի այդ, ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ, չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր, նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու:

Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռևս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում՝ 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:

Նշված գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչպես նաև N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա.Կ.-ին: Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է:

Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին:

Վերոնշյալ անձանց վերաբերյալ անջատված մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:

Անջատված մյուս մասով քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:

Նմանատիպ նյութեր