211652_close_icon
views-count35657 դիտում article-date 18:27 08-06-2022

Դանակահարություն Երևանի խամաճիկների թատրոնի մոտ. պարեկները 18-ամյա վիրավորին իրենց ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց, իսկ դեպքի վայրում հետապնդել ու բռնել են դանակահարողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 7-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտում տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 45 հասցեում՝ Խամաճիկների թատրոնի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում և հնարավոր է՝ լինեն վիրավոր կամ վիրավորներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում պարեկները ոչինչ չեն հայտնաբերել և մի քանի կարգախմբեր մեկնել են ծառայության վայրեր, իսկ վաշտի հրամանատարի պաշտոնակատար Ս. Ալեքսանյանի կարգադրությամբ նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Անդրանիկ Հարոյանը շարունակում են ծառայությունը և տեղում իրականացնում հետխուզական աշխատանքներ:

Կարճ ժամանակ անց պարեկները նկատում են 2 երիտասարդի, որոնցից մեկի ինքնազգացողությունը գտնվում է վատ վիճակում: Ճիշտ կողմնորոշվելով, պարեկները մոտենում են նրանց և պարզում, որ  նրանցից մեկը վիրավոր է: Ահազանգում են շտապօգնություն, սակայն  պարեկները, տեսնելով որ վիրավորի թիկունքից ուժեղ արյուն է հոսում, Ս. Ալեքսանյանի կարգարդությամբ նույն վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հենրիկ Սանոյանը իրենց ծառայողական ավտոմեքենայով վիրավորին շտապ տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրա կյանքը, սակայն նա  մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ:

Տեղում պարեկները դանակահարելու կասկածանքով մեկ հոգու բերման են ենթարկում ոստիկանության կենտրոնական բաժին: Ու արդեն ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերում են արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կողմից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Նա Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Մ.-ն է:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 17-ամյա Աշոտ Խ.-ն է: Նա բաց է թողնվել:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր