211652_close_icon
views-count932 դիտում article-date 22:06 08-06-2022

Խաչատրյանի անվան մրցույթի շնորհիվ երիտասարդ շատ երաժիշտների երկացանկում ներառվում են Խաչատրյանի ստեղծագործությունները

Հունիսի 7-ին և 8-ին անցկացվում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Տարբեր երկրներ ներկայացնող թավջութակահարներ իրենց կատարումներով ներկայանում են ժյուրիին։

Էվա Արդերիուսը Երևան է ժամանել Իսպանիայից։ Ասում է, որ Խաչատրյանի անվան մրցույթին հետևում է արդեն մի քանի տարի։ Երբ սովորում էր Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը, համացանցում որոնել և ծանոթացել է հայ կոմպոզիտորի վերաբերյալ տեղեկատվությանը, այդ ժամանակ էլ տեղեկացել է խաչատրյանական ստուգատեսի մասին և նպատակ է դրել մասնակցել մրցույթին։ Էվա Արդերիուսը կարծում է, որ մրցույթները մեծապես նպաստում են երաժշտի անձնական աճին, փորձառությանը։ Իսկ մրցույթում հաղթանակի մասին չի մտածում, խոստովանում է, որ ինքը պարզապես ուզում է վայելել երաժշտությունը։

Բելգիան ներկայացնող Արթուր Դաամը կրթությունը ստացել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայում և Սիբելիուսի անվան ակադեմիայում։ Մրցույթների մասնակցության փորձ ունի, մինչ այս մասնակցել է տաղանդավոր երիտասարդների միջազգային երաժշտական մրցույթին, Էդմոնդ Բաերտի անվան միջազգային մրցույթին։ Երևան եկել է աշխատելու, էներգիա ստանալու և այդ էներգիայով հետագա աշխատանքների համար մոտիվացվելու համար, ինչը կօգնի իրեն ավելի լավ երաժիշտ դառնալուն։ Արթուր Դաամը նշում է, որ երբեք չի կատարել Խաչատրյանի ստեղծագործություններից և թավջութակի համար գրված նրա գործերը սովորել է հատուկ այս մրցույթին ներկայացնելու համար։

Նշենք, որ այսօր երեկոյան կամփոփվեն առաջին փուլի արդյունքները, և հայտնի կդառնան երկրորդ փուլ անցած երաժիշտների անունները։  

Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։
 
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
 
 

Նմանատիպ նյութեր