211652_close_icon
views-count586 դիտում article-date 15:12 08-06-2022

Կրթական-ճանաչողական նոր ծրագիր՝ դպրոցականների համար

Երևանյան տեսարժան վայրերը «Երևան» սիթի-տուր զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսից։ Ուղերթն այս անգամ դպրոցականների համար է։ Վերջնակետը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Կրթական-ճանաչողական ծրագիրը Երևանի քաղաքապետարանի նոր նախաձեռնությունն է։
 
«Ծրագրի նպատակն է, որպեսզի երևանյան դպրոցների մեր աշակերտներն ավելի լավ ճանաչեն քաղաքի պատմությունը, նաև օգտվեն համայնքային կառույցների ծառայություններից անվճար այս ծրագրի շրջանակում: Վերջին 2 շաբաթվա ընթացքում ունեցել ենք 6 այց: Առաջիկա ուսումնական տարվա սկզբում նախատեսել ենք 30 դպրոցի շուրջ 700 աշակերտի այց Երևանի մշակութային, գիտակրթական տարբեր կենտրոններ: Շեշտը դնում ենք կրթական նպատակի վրա, բայց ոչ պակաս կարևոր ենք համարում քաղաքացիական դաստիարակությունը, սոցիալական շփումները»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի ժ/պ Մարգարիտ Խաչատրյանը:
 
Աշակերտներին դիմավորում և ուղեկցում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Պատանիները ծանոթանում են քաղաքի պատմությանը, թանգարանում պահվող բացառիկ, շուրջ 3 հազարամյա ցուցանմուշներին։ Էրեբունու ամրոցում աշակերտները մի պահ ճանապարհորդում են ժամանակի միջով. հենց այս բարձունքում է շրջել Արգիշտին։ Գիտելիքներով զինված պատանիները նաև փորձում են իրենց ուժերը հնագետի դերում, մասնակցում պեղումների։
 
«Որպեսզի թանգարանն ու ամրոցն ավելի ընկալելի լինեն դպրոցահասակների համար ունենք կրթական 6 ծրագիր: Դրանցից մեկը «Արի պեղենք միասին» ծրագիրն է, որի ընթացքում երեխաները արհեստական պեղավայրում մասնակցում են պեղումների և գտնում տարբեր իրերի կրկնօրինակներ, այնուհետ փորձում դրանք տարբերակել և թվագրել»,- պատմում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
 
Ծրագրին մասնակցում են Երևանի հիմնական դպրոցների 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները։ Ճանաչողական այցերը լինելու են շարունակական: Դպրոցականներին սպասում են ոչ միայն թանգարաններում, այլև կրթամշակութային ու գիտական տարբեր հաստատություններում՝ քաղաքային ջերմատանը, աղբի տեսակավորման ու վերամշակման կենտրոններում։
 
 
Կից՝ տեսանյութի հղումը.
https://www.facebook.com/watch/?v=589962095686687
 

Նմանատիպ նյութեր