211652_close_icon
views-count201415 դիտում article-date 18:40 07-06-2022

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Տեղի հայտնի ճաշարաններից մեկի սեփականատերը Toyota Runner–ով հայտնվել է գետում. նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Սպիտակի փրկարարները, օպերատիվ են գործել պարեկները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 40-ամյա Ռոստոմ Մագոյանը իր վարած Toyota Runner  մակնիշի  ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել ծառին, առաջ ընթանալով բախվել շինության պատին և  մոտ 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել գետում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Մագոյանը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Մարմինը փրկարարներն ու ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները մոտեցրել են Սպիտակի շտապօգնության ավտոմեքենային:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, Լոռու մարզի պարեկային ծառայության ավագ տեսուչ  Արման Սուքիասյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի  բաժնի օպերատիվ խումբը՝  բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի կենտրոնից  տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացո Փանոսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Երեմ Դանիելյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննիչ Ե. Դանիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Քննիչի հանձնարականով ավտոմեքենան պարեկների, ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց և ավտոքարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Ա. Բեժանյանի կարգադրությամբ տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի  պարեկներ Կարեն Պեպանյանը, Նարեկ Ալոյանը,  Տարոն Մանասերյանը:

Շնորհիվ պարեկների ճիշտ աշխատանքի՝ երթևեկությունը նշված վայրում չէր խափանվել և հետաքրքրասեր վարորդները  մեքենաները չէին կայանում վթարի վայրում:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզում հայտնի  ճաշարաններից մեկի սեփականատերն էր և բնութագրվում է դրական ու բազմաթիվ անգամներ օգնության ձեռք է  մեկնել սոցիալապես անապահով մարդկանց:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր