211652_close_icon
views-count1006 դիտում article-date 19:26 01-06-2022

Արամ Ոսկանյանը՝ «Արարատի» նոր գլխավոր մարզիչ

«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել 46-ամյա մասնագետ Արամ Ոսկանյանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Արամ Ոսկանյանը ֆուտբոլիստի հագեցած կարիերա է ունեցել՝ հանդես գալով մի շարք հայկական և արտասահմանյան ակումբներում: 1995-ից 1998 թվականներին նա խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ:

Որպես գլխավոր մարզիչ նա աշխատել է «Միկայում», «Բանանցում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում և ղազախական «Ատիրաու» ակումբում:

Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբին են միացել նաև օգնականներ Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը:
 

46-ամյա մասնագետ Արամ Ոսկանյանն նոր պաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել, որում մասնավորապես ասել է.

«Մեծ պատասխանատվությամբ ընդունեցի «Արարատի» առաջարկը՝ իմանալով թե ակումբն ինչպիսի հեղինակություն և նվիրված երկրպագուների բանակ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Ես մոտ չորս տարի խաղացել եմ «Արարատում» և իմ հիմնական ֆուտբոլային կրթությունը մեծահասակների ֆուտբոլում ստացել եմ այստեղ: Պարոն Ղարաբաղցյանի հետ այսօր շրջեցինք բազայում… հիանալի բազա է և բոլոր պայմանները կան լավ արդյունք ցույց տալու համար»,- Արամ Ոսկանյանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր