211652_close_icon
views-count609 դիտում article-date 16:29 01-06-2022

Փարիզի քաղաքապետն այցելել է ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ՝ վերահաստատելու արդյունավետ համագործակցությունը

2022 թվականի մայիսի 28-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել էր ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում: Պատվիրակության կազմում էին միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի գծով Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան, Փարիզի փոխքաղաքապետ և ՀԲԸՄ Ֆրանսիայի գործադիր տնօրեն Անուշ Թորանյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ​​ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ և ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նադիա Գործունյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը և Ֆրանսուա Դևեջյանը։

 

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը պատվիրակությանը ներկայացրեց ՀԲԸՄ-ի պատմությունը՝ ընդգծելով, որ իր ճկունության շնորհիվ կազմակերպությունը տասնամյակներ շարունակ կարողացել է արժանվույնս գնահատել տվյալ ժամանակաշրջանում հայ ազգի համար կարևոր առաջնահերթություններն ու ծրագրեր մշակել դրանց ուղղությամբ, հատկապես՝ ճգնաժամային ժամանակներում: Այնուհետև, անդրադառնալով ՀԲԸՄ Հայաստանի ընթացիկ ռազմավարությանը, պրն Յակուբյանը ներկայացրեց սոցիալ-տնտեսական զարգացման, մարդասիրական օգնության, մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվող՝ կազմակերպության բազմաթիվ նախաձեռնությունները։

 

Միության հայաստանյան գրասենյակի նախագահը նաև իր երախտագիտությունը հայտնեց վերջին տարիներին Ֆրանսիայի կառավարությունից ՀԲԸՄ Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցության համար՝ ընդգծելով դրա կարևորությունը հայության կյանքը բարելավելու գործում։ Առանձնակի անդրադարձ կատարվեց ՀԲԸՄ Հայաստանին 50 000 եվրո ֆինանսական օգնություն տրամադրելուն, որն օգնեց դիմակայելու Հայաստանում առողջապահական ճգնաժամին։ Նա նաև ընդգծեց Փարիզի Խորհրդի՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևի օգտին քվեարկելու կարևորությունը, որը նպատակ ուներ Ֆրանսիայի կառավարությունից պահանջելու ճանաչել Արցախի անկախությունը։

 

Հաջորդիվ պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան հանդիպելու Արցախից տարհանված, Արցախում ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» և «Կին ձեռներեցներ» ծրագրերի մի քանի շահառուներին, ովքեր աջակցություն են ստացել Ֆրանսիայի կառավարության կողմից։

 

Ֆրանսիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում ՀԲԸՄ Ֆրանսիան բարերարներից հայրենիք օգնություն հասցնելու գործընթացում կարևորագույն օղակ է հանդիսանում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից վերջին տարիներին ստացված ավելի քան 100 000 եվրոյի ֆինանսական աջակցությունը Հայաստանում ծառայել է մի շարք նպատակների՝ սկսած COVID-19 համավարակի ընթացքում կենսապահովման սարքավորումներ և պարագաներ ձեռք բերելուց, ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի շահառուներին օժանդակելուց, որպեսզի սկսեն կամ ընդլայնեն իրենց փոքր բիզնեսները մինչև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տարհանված խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելը։ 

 

«Ֆրանսիայի կառավարության հետ մեր համագործակցության և Փարիզի քաղաքապետարանի հետ սերտ կապերի շնորհիվ՝ ՀԲԸՄ Ֆրանսիան կազմակերպության ծրագրերի միջոցով կարողացել է մոբիլիզացնել հարյուրավոր կամավորներ Ֆրանսիայից և համակարգել ավելի քան 250 000 եվրո ֆինանսական օգնություն, որպեսզի աջակցենք 44-օրյա սարսափելի պատերազմի արդյունքում տարհանված ընտանիքներին։ Համոզված ենք, որ ամրապնդելով այդ կապերը, ՀԲԸՄ-ն իր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդելու գործում։ Միությունը Ֆրանսիայի և, մասնավորապես, Փարիզ քաղաքի անմնացորդ աջակցությունը կօգնի վերածել կոնկրետ գործողությունների՝ սատարելու Հայաստանի և Արցախի ժողովրդին»,- ասում է Նադիա Գործունյանը։


Ֆրանսիան և Հայաստանը պատմական դաշնակիցներ են և կիսում են ընդհանուր գաղափարախոսություն և արժեքներ։ Քաղաքապետ տկն Իդալգոն, 2001 թ.-ից նախ պաշտոնավարելով որպես Փարիզի փոխքաղաքապետ, և, այնուհետև, 2014 թ.-ից որպես Փարիզի քաղաքապետ, շարունակաբար սատարել է արցախահայությանը և ճանաչել նրանց ազգային ինքնորոշման իրավունքը: Նրա ամուսինը՝ Փարիզի շրջանի տարածաշրջանային խորհրդական և խորհրդարանի նախկին անդամ Ժան-Մարկ Ժերմենը, նույնպես երկար տարիներ աջակցել է Արցախի ժողովրդին։ 2020 թ.-ի դեկտեմբերին հրադադարից հետո Արցախ այցելած խորհրդարանականների առաջին պատվիրակության հետ միասին նա մասնակցել է ՀԲԸՄ Եվրոպայի YERIA նախաձեռնությանը։

 

Քաղաքապետ Իդալգոն իր եզրափակիչ խոսքում ևս վստահեցրեց ներկաներին, որ Փարիզ քաղաքը կանգնած է արցախահայության կողքին։ «Չնայած Արցախի Հանրապետությանն իմ աջակցության արդյունքում ես բախվում եմ բազմաթիվ հակագրոհների, ես երբեք այդ գաղափարից ետ չեմ կանգի։ Ես միշտ պայքարելու եմ Արցախի ինքնորոշման իրավունքի, անկախության և ճանաչման համար։ Մենք պարտավոր ենք արցախահայությանն օգնել խաղաղ կյանք ունենալ իրենց հողում և պաշտպանել նրանց վտանգված մշակութային ժառանգությունը։ Սա այն է, ինչ ես պարտավորվել եմ անել, քանի որ գիտենք, որ Արցախի ժողովուրդը նույնպես պայքարում է մեր արժեքների պաշտպանության համար։ Այսպիսով, ձեր պայքարը մեր պայքարն է, և մենք ձեր կողքին ենք լինելու»։

Նմանատիպ նյութեր