211652_close_icon
views-count28013 դիտում article-date 15:46 31-05-2022

Քեզ բացակա չենք դնի. Շիրակի մարզի Սարալանջ գյուղում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Վլադիմիր Կակոյանի հիշատակին նվիրված հուշ-խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 29-ին Շիրակի մարզի Սարալանջ գյուղի դպրոցի բակում տեղի ունեցավ հուշ-խաչքարի բացում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, 21-ամյա  Վլադիմիր Կակոյանի հիշատակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նաև հերոսի ծննդյան օրն է, ով կդառնար 21 տարեկան։

Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, բարեկամները, համագյուղացիները, ընկերները, այդ թվում՝ զինակից և դպրոցական, Արթիկի զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտներ։ 

Խոսքով հանդես եկավ Սարալանջ գյուղի դպրոցի տնօրենի Մակիչ Սարգսյանը, իսկ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանը կատարեց օծման արարողակարգը։

Սպիտակ սավանը խաչքարի վրայից իջեցրեց հերոսի քույրը՝ Նարե Կակոյանը։  Եռագույնի հանգուստով ասմունքեցին գյուղի դպրոցականները, իսկ ՀՀ հիմնը կատարեց ՊՆ-ից ժամանած երաժշտախումբը։ 

ԱՀ նախագահի հրամանագրով Վլադիմիր Կակոյանը հետմահու պարգևատրված «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալները հանձնվեցին Վլադիմիրի հորը։  Հավերժ փա՛ռք Քեզ, հերոս 

*** Կրտսեր սերժանտ Վլադիմիր Իշխանի Կակոյանը ծնվել է 2001 թ. մայիսի 29-ին։ 2019 թ. զորակոչվել է ՊԲ 49971 զորամաս։

Նույն թվականի 2-րդ ուսումնական կիսամյակի ավարտից հետո զորամասի հրամանատարի հրամանով նշանակվել է զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 11-րդ հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի խոշոր տրամաչափի գնդացիրների ջոկի հրամանատար-գնդացրորդի պաշտոնում։

Մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում Վլադիմիր ժն աչքի է ընկել բարեխիղճ ծառայությամբ, մեծ հարգանք ու վստահություն է վայելել համածառայակիցների և հրամանատարության շրջանում։

Մասնակցել է 2020 թ. Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին։

2020 թ. հոկտեմբերի 23-ին վաշտը պաշտպանության շրջանից երթ է կատարել ԱՀ Մարտունու շրջանի Ուլյանասար կոչվող բարձունքի տարածք և այնտեղ անցնելով պաշտպանության՝ կրտսեր սերժանտ Վ. Կակոյանը կատարել է իր առջև դրված խնդիրները։

ԱՀ նախագահի հրամանագրով Վլադիմիր Կակոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

ՊԲ 49971 ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ գնդապետ՝ Ա․ ՔՅՈԽՅԱՆ


Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 212+
212+

Նմանատիպ նյութեր