211652_close_icon
views-count78302 դիտում article-date 10:51 29-05-2022

Տավուշի մարզում՝ «Թաքնված ջրվեժ» արահետում՝ ջրում փրկարարները հայտնաբերել են երեկվանից որոնվող 29-ամյա երիտասարդի դին. այն պատգարակով ոստիկանների ու բժիշկների հետ մի քանի կմ ոտքով մոտեցրել են շտապօգնության մեքենային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, առավոտյան ժամը 06:00-ից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի և «Հայանտառ» Հաղարծինի տեղամասի  աշխատակիցների հետ սկսել են  29-ամյա տղայի որոնողական աշխատանքները «Թաքնված ջրվեժ» արահետ կոչվող տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:20 –ի սահմաններում ջրվեժում՝ ջրի մեջ հրշեջ-փրկարարները հայտնաբերել են նրա դին և ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ դուրս են բերել դեպի անտառ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Դիլիջանի  բաժնի պետ Եփրեմ Գալստյանը:

Ժամանել է նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մամիկոն Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով դին տեղափոխվել է դիահերձարան և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մահացածի ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ վարկածներից մեկի՝ երբ Վահան Ս.-ն Աննա Խ.-ի հետ այցելել է նշված վայր, աղջիկը անզգուշաբար ընկել է ջրվեժը և տղան փորձել է օգնության հասնել նրան ու ինքը նույնպես ընկել է  ջրվեժը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 28-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի 6 հրշեջ-փրկարար, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, վարչության պետ Սերգո Ավետիսյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև նրանց միացած «Հայանտառի» Հաղարծինի տեղամասի աշխատակիցները, Հաղարծին բնակավայրի «Թաքնված ջրվեժ» կոչվող արահետում մոտ 3 կիլոմետր շառավղով որոնողական աշխատանքներ էին կատարում:  

Ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ էր ստացվել Աննա Խ.-ից, ով հայտնել է, որ նշված տարածքում մոտ 5-10 մետր բարձրությունից ինքն ընկել է գետը, և այդ պահին իր հետ է եղել իր ընկերը՝ 29-ամյա Վահան Ս.-ն:

Որոշ ժամանակ անց ինքը գետի մեջ ուշքի էր եկել և ահազանգել  համապատասխան մարմիններին:

Օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Աննա Խ.-ին, այնուհետև միացել փրկարարներին և ոստիկաններին, և ոտքով մոտ 3 կմ շարունակել են Վահան Ս.-ի որոնողական աշխատանքները:

 Երեք ուղղություններով որոնողական աշխատանքները շարունակվում էին, որոնք ղեկավարում էի ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետը, Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի օրվա պատասխանատուն և «Հայանտառի» Հաղարծինի տեղամասի անտառապետը:

Առաջին իսկ պահից որոնողական աշխատանքներին միացել են նաև նշված վայրի հարևանությամբ գործող սննդի կետի աշխատակիցները, որոնցից Սեյրանը մի քանի անգամ իր Niva-ով անտառի դժվարանցանելի հատվածում՝ փրկարարների և ոստիկանների հետ մոտ 4 կմ որոնողական աշխատանքներ կատարեց: 

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր