211652_close_icon
views-count621 դիտում article-date 10:21 27-05-2022

1920-ին հայերը չեն «թրքացել», պարզապես կորցրել են անկախությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում այժմ կա երկու քաղաքական խոսույթ՝ իշխանական եւ ընդդիմադիր: Առաջինը. «30 տարի ձեզ թալանել են, մենք եկել ենք ձեզ թալանչիներից փրկելու եւ գողացածը ձեզ վերադարձնելու»: Երկրորդը. «Հիմա ձեզ թրքացնում են, մենք եկել ենք ձեզ թրքացումից փրկելու»:

Առաջին դեպքում քաղաքացիներին առաջարկվում է նույնացվել խեղճ, կեղեքված ժողովրդի հետ, որին կեղեքումից ազատել են անբիծ, անշահախնդիր հերոսները: Այստեղ թշնամու կերպարը ներկայացնում են «նախկինները»: Երկրորդ դեպքում քաղաքացիները ներկայացվում են որպես հայկական էթնոսի կրողներ, որոնք պետք է պահպանեն իրենց ազգային պատկանելիությունը՝ հակադրվելով այլ էթնոսին եւ դրա հայաստանյան «սպասարկուներին»: Այդ ազգապահպանությունը պետք է իրականացվի անբիծ հայրենասերների գլխավորությամբ: Պայմանականորեն ասած՝ սոցիալական եւ ազգայնական խոսույթներ:

Փորձենք հասկանալ, թե ինչու է առաջինն ավելի զորեղ, ավելի ազդեցիկ եւ տարածված, քան երկրորդը: Պատճառները բազմաթիվ են, որոնցից ամենակարեւորը, թերեւս, այն է, որ «սոցիալականը» ֆիզիկական է ու շոշափելի: Մարդը ֆիզիկապես զգում է, որ սոցիալական loser է, որ նա աղքատացել է կամ աղքատ է մնացել, մինչդեռ այսինչը ձեռք է բերել դղյակներ եւ թանկարժեք մեքենաներ: Բայց նա ոչ մի զգայարանով չի կարող արձանագրել՝ նա «թրքացե՞լ», «վրացացե՞լ», թե՞ հայ է մնացել: Եվ, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշելու, շատերի համար դա ընդհանարապես խնդիր չի:

Երկրորդ պատճառն այն է, որ ազգայնական խոսույթը շատ է շահարկվել 1998-2018 թվականներին: Ընդ որում, «ազգայինը» հաճախ բերվում էր որպես սոցիալական վատ վիճակի, զրկանքների արդարացում՝ «մենք պատերազմող երկիր ենք» եւ նման բանաձեւերով: Մարդիկ, բնականաբար, զգում էին, որ այդ արդարացումներն անկեղծ չեն, ինչն, իր հերթին, վարկաբեկում էր ազգայնականությունը:

Իշխանությունն ու ընդդիմությունը, այսպիսով, ունեն իրենց պատումները, միֆերը, քարոզչական թեզերը: Իշխանությունն ամեն մի խնդրով, աղբահանությունից մինչեւ սպառազինություն, կրկնում է «նախկինների» մասին իր «մանթրաները»: Ընդդիմությունն էլ կարծում է, որ ամեն երկրորդ նախադասության մեջ «թուրք», «թրքացում» եւ այլ նման բառեր օգտագործելով, սարսափեցնում է հասարակությանը: 

Իրողությունները, սակայն, այլ են: Իր ապաշնորհ քաղաքականության պատճառով իշխանությունը հայտնվել է այնպիսի մի վիճակում, երբ ստիպված է իրականացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ ծրագրերը: (Այդ երկրներն, այո, շատ հարցերում մրցակցում են, բայց Հայաստանի հարցում գործում են համաձայնեցված): Նման մի բան արդեն եղել է 1920 թվականին: Արդյունքում հայերը չէին «թրքացել»: Պարզապես Հայաստանը կորցրել էր իր անկախ պետականությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր