211652_close_icon
views-count1370 դիտում article-date 11:48 26-05-2022

Ընդհանրապես, արտաքին քաղաքականությունը, առավել ևս՝ դիվանագիտությունը, ինչը հիմնականում անդրկուլիսային ոլորտ է, պոպուլիզմի դաշտ բերելը վտանգավոր է. Ռ. Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջումգրում է. «Չեմ կարծում, որ կարող են լինել մարդիկ, ովքեր ավելի ծանր կտանեն այս շարժման հնարավոր ձախողումը, քան ամենօրյա ռեժիմով գրեթե բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցող նվաստս։ Եվ, անկեղծ ասած, չեմ կարող չկիսվել իմ մտահոգություններով՝ որոշ տեսանելի թերությունների ու բացթողումների մասով, ինչն, իմ կարծիքով, առկա է շարժման կազմակերպիչների գործողություններում։

Նախ, կարծում եմ նաև հասարակությանը կհետաքրքրի, թե ովքեր են ղեկավարում շարժումը՝ սկսած հարթակից ելույթ ունեցողների ընտրությունից ու ելույթներում հնչած ուղերձներից՝ մինչև երաժշտացանկը... Ինչու՞ հրապարակային չի ասվում, թե ինչ սկզբունքներով է ընտրված այդ թիմը... Ի՞նչ ձևաչափով և ովքեր են որոշում կայացնողները... Սրանք պատահական հարցադրումներ չեն, որովհետև ցանկացած ելքի դեպքում գալիս է նաև պատասխանատվության պահը։ «Ղարաբաղ» կոմիտեի կառուցվածքն ու գործունեությունը այս առումով ուսանելի է, եթե, իսկապես, հավատում ենք, որ սա ժողովրդական շարժում է և նրան չի սպառնում կուսակցականանալու հեռանկար։ Աստված ոչ անի, բայց եթե շարժումը պարտվի, իհարկե, հեշտ կլինի Իշխան Սաղաթելյանին միանգամից նշանակել քավության նոխազ ՝ փորձելով նույն թիմով արդեն մի նոր նոխազ պատրաստել... Հիշեք ժողովրդական հայտնի իմաստությունը՝ հաղթանակն ունի բազմաթիվ տերեր, պարտությունը որբ է...

Երբեմն տեղի են ունենում գործողություններ, որոնց նպատակը այդպես էլ մնում է անհասկանալի։ Օրինակ, ինձ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի՞նչ էին ակնկալում շարժման ղեկավարները, երբ նախաձեռնեցին հանդիպում Ոստիկանապետի հետ։ Հստակ է, որ Ոստիկանապետն իր ռեպրեսիվ լծակներով անթաքույց ամեն ինչ անում է, որ պետությունը, օրենքը, փողոցի խուլիգանը ծառայի իր տիրոջը՝վարչապետ կոչվածին և ոստիկանության առանձին ստորաբաժանումներն էլ հենց իր իսկ հրահանգով են անհամաչափ ուժ գործադրում և ամենավերջին ստորություններով պատժում ցուցարարներին։ Ուզում էին համոզել նրան, որ ինքը Նիկոլ չէ՞, թե՝ Նիկոլա...

Քաղաքական և քաղաքագիտական աքսիոմ է, որ նման իրավիճակներում, երբ միանշանակ իշխանափոխության խնդիր է դրված, իշխանության որևէ ներկայացուցչի հետ կոնտակտը, հրաժարականի պահանջից բացի, չի խրախուսվում։ Առնվազն այդ բազմաքանակ պատվիրակությունը պետք է հանդիպումից դուրս գար Ոստիկանապետի հրաժարականը ձեռքին։

Այլապես, գավառական խորամանկության գործադրմամբ, հանդիպումից օգտվեց միայն Ոստիկանապետն ու ռեժիմը... Իսկ հրապարակներում, մեկօրյա ընդմիջումից հետո, նորից շարունակվեց գունավոր բերետավորների՝ շակալներին հատուկ կեցվածքը՝ «ոստիկանը Նիկոլ չէ»՝ քծնանքախառը և իրականությունը մերժող կոչի ուղեկցությամբ...
Կամ՝ ի՞նչ օգուտ պիտի տար շարժմանը, եթե բազմահազարանոց միտինգավորների ճնշման տակ ԱԳ նախարարի տեղակալը «խոստովաներ», որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում... Լավ՝ հետո՞... Ակնհայտ չէ՞, որ դա ընդամենը հավաքվածների էմոցիան գողացող պոպուլիստական քայլ է, որից նիկոլիզմի հոտ է բուրում...

Ընդանհրապես, արտքին քաղաքականությունը, առավել ևս՝ դիվանագիտությունը, ինչը հիմնականում անդրկուլիսային ոլորտ է, պոպոլիզմի դաշտ բերելը վտանգավոր է։ Հիշենք, թե ինչպես «Արցախը Հայաստան է և՝ վերջ» սրբություն չունեցող պոպուլիստի այս ձևակերպումը առիթ տվեց թշնամուն՝ գլխատել մեր զինվորին և զրոյացնել մեր պետության սուբյեկտայնությունը...

Շարժումը հագեցած է երիտասարդության անկասելի էներգիայով ու ավյունով, ինչին պետք է շատ զգույշ և խնայողաբար վերաբերել։ Կարծում եմ շարժման ղեկավարությունը պետք է որոշ խմբագրումներ կատարի և՛ հարթակի բովանդակության և՛ գործողությունների ընդհանուր ծրագրում... Խնդրելով, հորդորելով, համոզելով հրապարակում քաղաքացիների թիվը չի ավելանա... Քաղաքացու տառապանքը փորձ ունի՝ ուզում է այս անգամ չխաբվել, ուզում է տեսնել համոզիչ հարթակ և առաջնորդներ, ուզում է տեսնել գործողությունների հստակ ծրագիր... Ակնհայտ է, որ Լաոն վաղուց զարթնել է և պահանջում է՝ բա՛վ է հարթակից հազարերրորդ անգամ բացատրել ու համոզել, թե ինչ ազգակործանի հետ գործ ունենք... Ժամանակն է գործողություններ իրականացնել՝ նրան հեռացնելու համար։ Ուղղակի Լաոին պետք է առաջարկել գործողությունների հստակ ծրագիր...

Կրկնում եմ՝ Գ Ո Ր Ծ Ո Ղ Ու Թ Յ Ու Ն Ն Ե Ր Ի Հ Ս Տ Ա Կ Ծ Ր Ա Գ Ի Ր... Հիշե՛ք՝ իշխանատենչ այս չարիքի գործունեությունը հիմնականում եղել է հակասահմամադրական և ցանկացած եղանակով այս չարիքից ազատվելը տեղավորվում է նաև միջազգային չափորոշիչներում։

Եվ վերջապես՝ Սահմանադրությունն է պետության համար և ոչ պետությունը՝ Սահմանադրության...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր