211652_close_icon
views-count1002 դիտում article-date 10:42 24-05-2022

Այդ քայլերը որոշ ժամանակով կարող են հետաձգել պատերազմը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իշխանության կողմնակիցները չեն ընդունում այն փաստը, որ 2020 թվականի պատերազմը սկսվելու պահին, այդ պատերազմի ընթացքում եւ պարտությունը հաստատող եռակողմ հայտարարությունը ստորագրելու ժամանակ Հայաստանի առաջին դեմքը եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր։ (Պատմության մեջ արձանագրվելու է այդ փաստը, ոչ թե պարտության բազմաթիվ եւ բազմապիսի արդարացումները)։

Ընդդիմության կողմնակիցները չեն ընդունում երկու պնդում. ա) հայաստանցիների մեծամասնության համար այսօր Արցախի խնդիրը կենսական առաջնահերթությունների ցուցակում գլխավոր տեղերում չէ, բ) այդ մեծամասնության համար ատելությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդեպ գերազանցում է բոլոր քաղաքացիական զգացմունքները։ Խոսքը, ընդգծեմ, երեք միլիոն հայաստանցիների, ոչ թե տասը միլիոն հայերի մեծամասնության մասին է։ Եթե հաջողվեր բոլոր հայերի տեսակետն իմանալ, ապա պատկերը, կարծում եմ, հակառակը կլիներ։

Հայաստանի բնակչության մեծամասնության տեսակետի մասին իմ պնդումը, բնականաբար, ուղիղ փաստական ապացույց չունի, բայց անցած տարվա ընտրությունների արդյունքները, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթմանը, ինչպես նաեւ պատերազմից հետո Ալիեւի հետ բանակցություններին հասարակական արձագանքը, գումարած իմ անձնական եւ վիրտուալ շփումները թույլ են տալիս դա պնդելու գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ։

Բրյուսելում կայացած հերթական հանդիպման արձագանքը (ավելի ճիշտ` արձագանքի բացակայությունը) հաստատում է իմ այդ տեսակետը։ Փաշինյանը որեւէ լուրջ ներքին հասարակական խոչընդոտ չունի ա) կնքելու «խաղաղության պայմանագիրը», որտեղ փաստացի կհաստատվի Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի հանդեպ (գուցե՝ «էթնիկ հայերի» անվտանգության անորոշ խոստումով), բ) համաձայնելու Ադրբեջանի թելադրած «սահմանազատմանը» եւ «ապաշրջափակմանը», գ) այդ ամենից հետո Թուրքիայի հետ ստորագրելու 2009 թվականի արձանագրությունների նման մի փաստաթուղթ։ Այդ ամենին են Հայաստանի վարչապետին դրդում ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Ռուսաստանը։ Խուսափել դրանից Փաշինյանը, կարծես թե, չի կարող։

Բայց ամենադաժան ճշմարտությունը դա չէ։ Համոզված եմ, որ այդ քայլերը Ադրբեջանի հետ խաղաղության չեն բերի, եւ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն բարելավի։ Դրանք, թերեւս, որոշ ժամանակով կարող են հետաձգել պատերազմը։ Լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման լուրջ վտանգը պահպանվելու է անգամ այդ ցավոտ զիջումներից հետո։ Դրա բազմաթիվ պատճառներից նշեմ երկուսը. թշնամին շատ լավ տեսնում է, թե ինչպիսին է Հայաստանի իշխանությունը, մասնավորապես, իր «կազմակերպչական ունակություններով», տեսնում է նաեւ, թե ինչ վիճակում է մեր հասարակությունը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր