211652_close_icon
views-count9689 դիտում article-date 19:14 22-05-2022

Այսօր երեք կողմից իր ողջ գեղեցկությամբ ու վեհությամբ փայլում էր Արագած լեռը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, բիբիլիական Արարատը երևում էր իր ամբողջ տեսքով:
 
Նմանատիպ պատկեր էր Արագած լեռանը նայելիս, որը երեք կողմից փայլում էր՝ իր ողջ գեղեցկությամբ ու վեհությամբ:
 
Նայելով Արագածին, ակամա վերհիշում ենք հայ մեծանուն բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի ստեղծագործությունները՝ նվիրված Հայաստանի ամենաբարձր լեռանը:
 
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ՝ «ԱՐԱԳԱԾԻՆ»
 
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
 
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
 
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
 
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
 
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ՝ «ՀՐԱՇՔ»
 
Երազիս մեջ հորս տեսա՝
Մորս նման հայտնվեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:
 
Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին նայեց քնքուշ,
Ասաց՝ կապրի իմ որդին…
 
Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
– Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:
 
Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «Որդիս, թե կուզես
 Հողը թեթև լինի վրաս
Տունս կիսատ չթողնես…»
 
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ՝ «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐ, ՀԱՅՈՑ ՀՈՂ»
 
Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո´ց հող,
Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող:
Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,
Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ:
 
Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին,
Շուքդ մնա իմ ապավեն հովանին:
Ո´ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜ր էլ թափառեմ,
Նորից ե´տ գամ, քո տանիքու՜մ ծվարեմ:
Ու թե մեռնեմ, քո գրկի մե´ջ մեռնեմ թող,
 
Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո՜ց հող…
 
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ՝ «ՁՄԵՌՆԱՄՈՒՏ»
 
Արագած սարն է ամպի մեջ լռել,
Եվ թևերն ամպոտ հողմերը նրա
Մի բեկոր ձմեռ դաշտերից բերել
Շաղ է տվել թաց մայթերի վրա:
 
Ցուրտ քամիներն են սուրում սարերից,
Բայց իր գարնան մեջ սիրտս այնքան է տաք,
Որ չի տարբերում ձյուն է ոտքիս տակ,
Թե ծաղիկներ են թափվել ծառերից:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր