211652_close_icon
views-count917 դիտում article-date 10:47 21-05-2022

Դեպի անմշակ հողեր․ գյուղատնտեսությունը ուշացումեր չի հանդուրժում, սիրո պես բան է․ «Հայասանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչու են միջազգային փորձագետներն ու մասնագետները համաշխարհային ճգնաժամ, պարենային անապահովություն ու սննդամթերքի կտրուկ գնաճ կանխատեսում, միայն մեկ թիվ մեջբերենք. աշխարհում ցորենի եւ գարու արտահանման 1/3-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի բաժինն է, եւ, ընդհանրապես, այս երկու երկրները սննդամթերքի խոշորագույն արտադրողներից են։ Հայաստանն էլ այս ճգնաժամից անմասն չի մնա։ Ճիշտ է՝ մենք այնքան ինտեգրված չենք միջազգային շուկաներին, որ բոլոր ցնցումներն ուղղակի անդրադառնան մեզ վրա, բայց եւ այնքան էլ զերծ չենք այդ շուկաներից, որ չկրենք բացասական ազդեցությունները։ Մանավանդ երբ խոսքը մի պարենամթերքի՝ ցորենի մասին է, որով Հայաստանը ոչ միայն ինքնաբավ չէ, այլեւ մեծամասամբ ներկրում է։

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ 2021 թ. տվյալներով ինքնաբավության ցուցանիշը 30 տոկոսից էլ ցածր է։ Թեեւ թե՛ գործարարները եւ թե՛ տնտեսագետները նշում են, որ, համենայնդեպս, այս պահի դրությամբ խուճապի կարիք չկա, որովհետեւ Ռուսաստանի (որտեղից հիմնականում ներկրում ենք մեր ցորենը) արգելքը գոնե մեր մասով վերարտահանման կտրվածքով է։ Այսինքն՝ սահմանված չափով մեր պահանջարկը բավարարում ենք, բայց ավելին բերել եւ արտահանել չենք կարող։ Այո, ա՛յս պահի դրությամբ խուճապի կարիք չկա։ Բայց մենք չգիտենք, չէ՞, թե ռուս-ուկրաինական ճգնաժամն ինչքան կտեւի, ծավալումներն ինչ ուղղությամբ կգնան, աշխարհաքաղաքական ինչ զարգացումներ եւ, ըստ այդմ, տնտեսական ինչ պատժամիջոցներ կհետեւեն։

Իսկ եթե այնպիսի սցենար զարգանա, որ Ռուսաստանը, սեփական պարենային ապահովության խնդրից ելնելով, ընդհանրական արգելք սահմանի՝ առանց Հայաստանի կամ ԵԱՏՄ երկրների հանդեպ բացառությունների։ Այս դեպքում ի՞նչ ենք անելու։ Այլ ուղիների մասի՞ն ենք մտածելու։ Իսկ ո՞վ ասաց, որ այդ այլ ուղիները չեն մտածելու իրենց պարենային անվտանգության մասին։ Այդ դեպքո՞ւմ ինչ ենք անելու։

Չմոռանանք, որ մեր երկրի սոցիալական վիճակով պայմանավորված՝ հացը մեր պարենային զամբյուղում մեծ տեղ է զբաղեցնում։ Հետեւաբար, մեր խնդիրն այնպես անելն է, որ գոնե ցորենի մասով հնարավորինս քիչ կախված լինենք աշխարհատնտեսական զարգացումներից։ Իմա՝ բազմիցս նշել ենք, որ պետք է հնարավորինս բարձրացնենք այս պարենի մասով մեր ինքնաբավության մակարդակը։

Բայց կարեւոր մի հանգամանք նշենք։ Մասնագետները հուշում են, որ դա, սակայն, անպայման պետք է անել անմշակ հողերի հաշվին։ Այդպիսով եւ՛ հողերը շրջանառության մեջ կդնենք, եւ՛ ինքնաբավության մակարդակը գոնե փոքր-ինչ կբարձրացնենք, եւ՛ այլ ոլորտ չի տուժի։ Օրինակ՝ անթույլատելի է ցորեն ցանել խաղողագործական, այգեգործական հողատարածքներում։ Այլ կերպ՝ այնպես պետք է անել, որ գյուղատնտեսության մի ճյուղի զարգացմամբ մեկ այլ ճյուղ չտուժի։ Դրա համար էլ խորհուրդ է տրվում դեպի անմշակ հողերը գնալ։ Ուշադրություն դարձնենք կարեւոր մեկ այլ հանգամանքի եւս. այսպես ասել ու սպասել ցորենով ինքնաբավության (ոչ միայն) մակարդակի բարձրացմանը, անհեթեթ է։

Գործն անհնար է անել առանց պետության գործուն մասնակցության։ Պետությո՛ւնը պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածին շոշափելի աջակցություն եւ երաշխիքային մեխանիզմներ տրամադրելով։ Ի վերջո, եթե պետությունն ուզում է պատրաստ լինել հնարավոր վատագույն սցենարներին եւ պաշարներ ունենալ, ապա պետք է օր առաջ մտածի այդ մասին։ Որովհետեւ գյուղատնտեսությունը ոլորտ է, որ ուշացումներ չի հանդուրժում, ուշացումը սեզոն ու տարի է արժենում, որն էլ հնարավոր է արտակարգ իրավիճակներում մեզ պակասորդի առաջ կանգնեցնի։ Մենք պե՛տք է ունենանք ճգնաժամային ծրագիր եւ այդ վիճակից դուրս գալու հաշվարկված ձեռնարկվող քայլեր։ Չանել դա, երբ ներուժը կա, անհասկանալի կլինի։ Գյուղատնտեսությունը սիրո պես բան է։ Իսկ ապրելու համար այդ սերը փայփայել է պետք»։

Մանրամասն՝ թերթի այասօրվա համարում։

Նմանատիպ նյութեր