211652_close_icon
views-count1499 դիտում article-date 13:47 18-05-2022

Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների՝ «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը Էջմիածնում անցկացված «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնին արժանացել է ժյուրիի առաջին մրցանակին

ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, մայիսի 15-ին մասնակցեց Էջմիածին քաղաքում անցկացվող «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնին և արժանացավ ժյուրիի ամենաբարձր գնահատականներին՝  առաջին մրցանակի:

«Դեպի լույս» երգչախումբը կատարեց «Մեր լեզուն» երգը, որի խոսքերը  գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը՝ Սասուն Պասկևիչյանը, և  «Դեպի լույս» երգը, որի խոսքն ու երաժշտությունը գրել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը:

«Մեզ համար շատ պատասխանատու և պարտավորեցնող փառատոն էր, որովհետև փառատոնին մասնակցում էին Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցները: Երեխաները շատ ոգևորված էին: Անդադար ծափահարությունները, ժյուրի բարձր գնահատականները մեզ պարգևեցին  աննկարագրելի զգացողություն: Մեզ մոտենում էին երաժշտական և արվեստի դպրոցների գեղարվեստական ղեկավարները, շնորհավորում և գովաբանում էին մեզ: Շատ տպավորիչ էր հատկապես Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Սարգսյանը, ով ասաց. «Ուզում եմ ձեզ շնորհավորել, բառեր չեմ գտնում արտահայտելու զգացողությունս, ձեր կատարումները լսել եմ փշաքաղված, հիացած եմ, շատ լավ երգեցիք, շատ ապրեք»:

Իսկապես, շատ ոգևորող ու հիասքանչ զգացողություն էր, երբ երաժշտական և արվեստի դպրոցների ղեկավարները մոտեցան և շնորհավորեցին մեզ։ Այս տարի արդեն երկրորդ մրցանակն է, ապրիլի 10-ին էլ Առնո Բաբաջանյան համերգասրահում մասնակցեցինք  «Կանչ» կատարողական արվեստի  մրցույթ-փառատոնին և երգեցողություն անվանակարգում արժանացանք գլխավոր մրցանակին՝ «Գրան պրի»:

«Դեպի լույս» երգչախմբի մեներգիչ Արամ Հովհաննիսյանը իր հոգեթով ձայնով, իր կատարումով հիացրեց հանդիսատեսին և ժյուրիի անդամներին:  Մայիսի 9-ին էլ տոնական համերգային ծրագրով հանդես եկանք Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանում: Կուրսանտները հոտնկայս ծափահարեցին և երգեցին երեխաների հետ: Մեծ բավականություն ստացանք և պարգևատրվեցինք պատվոգրով:

Նմանատիպ նյութեր