211652_close_icon
views-count89313 դիտում article-date 12:53 17-05-2022

ԲԱՐԻ ԼՈՒՐ. Արագածոտնի մարզում բնակվող 3 երեխաների մայրը եռյակ տղաների է լույս աշխարհ բերել, Արագածոտնի մարզպետարանը, լավ կլինի, որ օգնության ձեռք մեկնի սոցիալապես անապահով ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 16-ին, Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում (ծննդատուն) հերթական եռյակն է լույս աշխարհ եկել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակչուհի՝ 40-ամյա Լուսինե Պետրոսյանը շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում տեղափոխվել է նշված ծննդատուն, որտեղ էլ եռյակ տղաների է ունեցել։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում  Լ. Պետրոսյանն ասում էր. «Երեկ ուժեղ ցավեր ունեցա։ Տեղում շտապօգնության բժիշկները օգնություն ցուցաբերեցին, բայց վիճակս այնքան վատ էր, որ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին այստեղ։ Որոշ ժամանակ անց Կեսարյան հատման միջոցով 3 տղաներիս ունեցա։ Ճիշտ է, հիմա երեխաները մի քիչ խնդիրներ ունեն, բայց հավատում եմ, որ Աստծո շնորհիվ բժիշկները երեխաներիս առողջ կտան ինձ։

Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներին, ովքեր ինձ շուտ հասցրեցին էստեղ։ Երախտապարտ ու շնորհակալ եմ նաև այստեղի բուժանձնակազմին՝ բժշկից մինչև մանկաբույժ, նախ, որ արժանացել եմ մարդկային վերաբերմունքի, հոգատարության, որ փրկեցին թե իմ, թե իմ նորածինների կյանքը։ Ճիշտն ասած, դեռ չենք որոշել երեխաների անունները, բայց 3 զինվոր՝ չհաշված, որ երկուսն էլ ունեմ։ Մեր ընտանիքում դարձավ 5 տղա և 1 աղջիկ»։

Իսկ ամուսինը՝ 45-ամյա Արման Սարգսյանը, նույնպես իր երախտիքի խոսքն էր ուղղում բժիշկներին, ողղ անձնակազմին, անունները որոշելու պարտականությունն էլ դնում է կնոջ վրա՝ ասելով. «2 տղաներիս ու 2 աղջիկներիս անունները ես եմ դրել, եռյակի անուններն էլ թող Լուսինեն դնի»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հիվանդանոցից հայտնեցին, որ երեխաները որոշ ժամանակ պետք է մնան իրենց հսկողության տակ, մինչև կազդուրվեն։ 

Ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, ու սա այն դեպքերից է, որ Արագածոտնի մարզպետարանը, ինչո՞ւ չէ, նաև՝ կառավարությունն ու Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը պետք է թև ու թիկունք լինեն սոցիալապես անապահով այս ընտանիքին ու լուրջ աջակցություն ցույց տան, որպեսզի 40-ամյա մայրը կարողանա խնամել նորածիններին։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր