211652_close_icon
views-count1215 դիտում article-date 11:05 17-05-2022

Ինչպես է այլասերվում հասարակությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կա ռուսերեն այսպիսի մի բառ՝ «растление»: Տարբեր երկրների քրեական օրենսգրքերում այդ հասկացությամբ նկարագրվում է հանցագործություն, որը կապված է անչափահասների հանդեպ անբարո գործողությունների, «պղծման» հետ: Դա ծանր հանցագործություն է, որովհետեւ հանցագործն օգտվում է անչափահասի անփորձությունից՝ այն հանգամանքից, որ հանցագործության օբյեկտը չի հասկանում, թե ինչ են իր հետ կատարում, կամ պատրաստվում են կատարել:

Բայց նույն ռուսերեն բառն օգտագործվում է նաեւ լայն իմաստով՝ որպես այլասերում, եւ այդ իմաստով եզրը օգտագործելի է նաեւ չափահասների նկատմամբ: Սովորաբար խոսվում է իշխանության այլասերման մասին, եւ դա իրոք գոյություն ունեցող համատարած երեւույթ է: Այս դեպքում կարելի է ասել, որ իշխանավորներն առաջին հերթին անբարո գործողություններ են իրականացնում հենց իրենց հոգու հանդեպ, քանի որ բավականաչափ գիտելիքներ, հոգեւոր փորձ չունեն: Ժողովրդական լեզվով փորձի այդ բացակայությունը անվանում են «չտեսություն»: Երբ մարդը զգում է իշխանության համը, նրա մոտ սովորաբար պատրանք է առաջանում, որ ինքը ցմահ զբաղեցնելու է այդ պաշտոնը, եւ, հետեւաբար, նրան կյանքի օրոք իր արարքների համար պատասխանատվության չեն կանչի: «Ինքնաայլասերման» օրինակ է նաեւ, երբ  նախկին լրագրողները, իմանալով, որ օրենսդրական գործիքներ ունեն՝ անելու այնպես, որ իրենց «չկպնեն», մեկը մյուսի հետեւից նման օրենքներ են ընդունում:

Բայց ավելի վտանգավոր է, երբ այլասերում են ամբողջ հասարակությանը՝ դարձյալ, վերջին հաշվով, օգտվելով նրա անփորձությունից: Մանրամասն չանդրադառնալով այլասերման նախորդ փուլերին՝ 30-ականներին իրար վրա մատնագրեր գրելու, իսկ 60-70-ականներին՝ փնթի աշխատելու եւ պետությունից գողանալու խրախուսմանը, պարզապես արձանագրենք, որ այդ ամենն իր հետքն է թողել մեր այսօրվա հասարակության վրա:

Իսկ որո՞նք են այսօրվա այլասերման նշանները: Երկար չնկարագրելու համար պարզապես թվարկեմ ամենաբնորոշ պատումները. «Ո՞ւմ էր պետք էս անկախությունը», «Հոգնեցինք էդ Ղարաբաղից», «Խի՞, Հայաստանում մտավորակա՞ն մնաց՝ սաղ ծախված են», «էս լրագրողերն ամեն ինչ փողով են գրում», «էդ կուսակցությունները, խորհրդարանը՝ սաղ կապիկություն է»: (Կարող եք եւս մի քանիսը թվարկել): Մասամբ այդ պատումներին նպաստում է համացանցը, որտեղ մարդիկ հիմնականում մտնում են իրենց ատելությունը, թշնամանքը, դավադրությունների հետ կապված սեւեռուն գաղափարներն արտահայտելու: Բայց համացանցն, ի վերջո, գործիք է, իսկ համապատասխան մտասեւեռումներով ամորֆ զանգվածի ստեղծումն ունի շահառուներ՝ դրանք նախեւառաջ օրվա իշխանություններն են: Այդ մակարդակի «մարդկային նյութի» հետ ավելի հեշտ է աշխատել:

Իսկ ի՞նչ փորձառություն է պետք մեր հասարակությանը, որ նրան չայլասերեն: Բնականաբար, ժողովրդավարության եւ օրինականության փորձը: Բայց այստեղ, կարծես թե, փակ շրջան է սկսվում: Դա մի քիչ նման է խորհրդային գրողների խնդրին. որպեսզի Գրողների միության անդամ դառնային, պետք է տպագրված գործեր ունենային, բայց որպեսզի տպագրվեին, նախ պետք է Գրողների միության անդամ լինեին»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր