211652_close_icon
views-count1534 դիտում article-date 10:29 17-05-2022

«Անթույլատրելի» նվեր ստանալու դեպքում պաշտոնյան կտուգանվի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում են հանրային ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների համար թույլատրելի եւ անթույլատրելի նվերները, անթույլատրելի նվեր ստանալու դեպքում պատասխանատվությունը։

Այս օրենքների փաթեթով առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն։

Նախագծով հանրային պաշտոն զբաղեցնող անձին եւ հանրային ծառայողին արգելվում է իրենց պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել։

Նաեւ սահմանվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է ապահովեն, որպեսզի իրենց ընտանիքի անդամներն ու իրենց հետ փոխկապակցված անձինք եւս չընդունեն նվեր, նույնիսկ հետագայում այն ընդունելու համաձայնություն չհայտնեն՝ եթե կա հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պարտականությունների կատարման եւ ստացված նվերի միջեւ։ 

Իսկ ինչպես է որոշվելու «արգելված» նվեր է, թե՝ ոչ։

Նախագծում նշվում է՝ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված գույքը կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված, այդ թվում՝ նվեր քարտեր, կրիպտոարժույթ եւ այլն), ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն։ 

Իսկ նշված պաշտոնյաների համար թույլատրելի նվերներ են՝ պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները: 

Ընդ որում, օրենքով սահմանված որոշ կետերով սահմանվում է՝ նախատեսված նվերի արժեքը եթե գերազանցում է 60 հազար դրամը, ապա այն համարվում է պետական սեփականություն:

Բացի այս, եթե պաշտոնյան կասկածում է, որ տվյալ նվերը կարող է գնահատվել որպես «անթույլատրելի», ապա պարտավոր է դիմել համապատասխան մարմնին, կամ ինչպես նախագծում է նշված՝ տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին։ Եւ եթե համապատասխան մարմնի եզրակացությամբ նվերը համարվի անթույլատրելի, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի կամ վճարվի դրան համարժեք հատուցում նվերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում։ Եթե նշված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա տվյալ անձը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը կամ համայնքին։ Նույն պայմանն է սահմանված նաեւ ընտանիքի անդամների նվեր ստանալու դեպքերի համար»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր