211652_close_icon
views-count656407 դիտում article-date 15:09 12-05-2022

Երևանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ որդին կասկածվում է  երեկ Երևանում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով «Նորագավիթցի Ծուռին» և «Այնթափցի Լյովիկին» հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննաչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված նույն քննչական բաժնի ավագ քննիչ Վարդանյանի կողմից 
ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մայիսի 11-ին, Արտաշատի խճուղու 2/4 հասցեի դիմաց 2 քաղաքացու հրազենային վնասվածքներ պատճառելու փաստով։ 

Հարուցված քրգործի շրջանակում պարզվել է, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 29-մյա Լևոն Ասլանյանը կրակոցների արդյունքում ստացել է «աջ բազկի հրազենային վնասվածք», իսկ Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Ասատրյանը ստացել է «որովայնի շրջանի հրազենային վնասվածք»։

Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության փորձը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում է Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 34-ամյա Արման Խաչատրյանը։ Վերջինս Երևանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տղան է։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով  2 քաղաքացի էր տեղափոխվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբերը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները հիվանդանոց էին տեղափոխվել Արտաշատի խճուղուց, որտեղ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ հայտնաբերել էին Mercedes մակնիշի  01 LQ 001  համարանիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի և արնանման   հետքեր:

Նույն վաշտի պարեկներ Ռուբեն Պապիկյանն ու Մնացական Մելքոնյանը սահմանազատել էին տարածքը և սպասում էին, մինչև կժամանեին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ոստիկանությունը ուներ կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վիրավորներն են 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը:

Դեպքի վայր էին ժամանել  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ոստիկանության Երևան քաղաքի  վարչության պետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Տեղում էին նաև ոստիկանության  Շենգավիթի  բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանը:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներն էին «Նորագավիթցի Ծուռն» ու «Այնթապցի Լյովիկը»:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 246+
246+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր