211652_close_icon
views-count1304 դիտում article-date 21:56 11-05-2022

Ուկրաինայի հայերի միությունը ավելի քան 500 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել կարիքավորներին

Պատերազմի 76 օրերի ընթացքում Ուկրաինայի հայերի միությունը կարիքավորներին տրամադրել է ավելի քան 500 տոննա մարդասիրական օգնություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ուկրաինացի քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը։

«Պատերազմի ժամանակ շատ բարերարներ իրենց գործունեությունը այնքան էլ չեն գովազդում, և դա բնական է իսկական հայրենասերների համար, բայց ինձ հաջողվեց պարզել, թե որքան մեծ օգնություն է ցուցաբերվել ՈւՀՄ-ի ղեկավարության կողմից:
Եվ սա իր մասշտաբով համեմատելի է որոշ պետությունների օգնության չափի հետ»,- նշել է հրապարակախոսը։

Նրա խոսքով, բացի 500 տոննա մարդասիրական օգնությունից, գնվել է մեծ քանակությամբ հանդերձանք, տեխնիկական և տրանսպորտային միջոցներ Ուկրաինայի պաշտպանների համար։ «Եվ այս տվյալները չհաշված մարզային համայնքների մարդասիրական օգնությունը, իսկ այնտեղ մասշտաբները նույնպես շատ մեծ են։ Կա նաև ոլոնտյորական օգնություն»,- հավելեց Հակոբյանը։

Ինչպես հայտնի է, օգնության գործընթացում ներգրավված են տարածաշրջանային բոլոր հայկական համայնքները, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը և օտարերկրյա հայկական համայնքները։ Տուժած շրջանների բնակիչների համար Ուկրաինայի հայերի միությունը և մարզային համայնքներն արդեն հարյուրավոր տոննա բեռ են ուղարկել։

Ինչպես հայտարարեց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայի հայերը մինչև վերջ կպաշտպանեն իրենց երկիրը, իրենց տունը։

Նմանատիպ նյութեր