211652_close_icon
views-count12691 դիտում article-date 15:35 06-05-2022

Վերոնշյալ քաղաքացիներից որոշ անձինք խաբեության միջոցով, այլ նպատակներ հետապնդելու պատճառաբանությամբ անցկացրել են ստորագրահավաք՝ իբր նշված տարածքում մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 5-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի 5-րդ փողոցի մի քանի բնակիչներից ստացած ահազանգի վերաբերյալ։

Այսօր՝ մայիսի 6-ին, SHAMSHYAN.com-ը պատասխան նամակ է ստացել, որտեղ հակառակ կողմը ներկայացնում է պարզաբանումներ՝ խնդրի վեաբերյալ։

SHAMSHYAN.com-ը հրապարակում է նամակը. 

Ձեզ ենք գրում 2022թ․-ի մայիսի 5-ի Ձեր կայքում հրապարակված հոդվածի կապակցությամբ, որը վերաբերում է Նորք Մարաշ վարչական շրջանում ճանապարհի խնդրահարույց հարցին։ Իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար նպատակահարմար ենք գտնում ներկայացնել ամբողջական և օբյեկտիվ տեղեկատվություն, և առաջարկում ենք չհիմնվել միայն բողոքը ներկայացնող քաղաքացիների սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունների լուսաբանման վրա։ Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը․
  • Սովետական տարիներին, ինչպես նշված է հոդվածում, այդ ճանապարհը եղել է առու և ճահճուտ՝ այսինքն որպես այդպիսին ճանապարհ գոյություն չի ունեցել։ Հոդվածում նշված անձի՝ Կ․ Մերտարչյանի հայրը սեփական միջոցներով /մոտավորապես 500-600 մեքենա հող/ իրականացրել է ճահճուտի չորացում և առվի խողովակապատում՝ ջրահեռացման նպատակով, այսպիսով բարեկարգելով և անցանելի դարձնելով նշված ճանապարհի հատվածը հետիոտնի համար։
  • Հարկ է նշել որ, Երևանի գլխավոր հատակագծի համաձայն այս հատվածում ճանապարհ չի եղել և չի էլ նախատեսվում։ Գրվածի վերաբերյալ ապացույցներ ստանալու նպատակով, կարող եք ուսումնասիրել Երևանի գլխավոր հատակագիծը։
  • Բողոք ներկայացնող քաղաքացիները և իրենց առանձնատները հաշվառված չեն 5-րդ փողոցում։ Նրանք բոլորը ունեն առանձին ասֆալտապատ և բարեկարգված մուտք այն փողոցից, որտեղ նրանք հաշվառված են, որտեղ նաև առկա է ավտոմեքենաների անցանելիություն/բանուկ փողոց/,
  • Նույն քաղաքացիները, ովքեր ջանասիրաբար պայքարում են գոյություն չունեցող ճանապարհի և օրենքի պահպանման համար, անձամբ ունեն նշված տարածքում ապօրինի զավթած հողեր և շինություններ։
  • Ինչ վերաբերում է Կ․ Մերտարչյանի շինարարական թույլտվություն ստանալուն և բնակելի տուն կառուցելուն, ինչպես նշված է հոդվածում՝ «չգիտես ինչպես» ցանակնում ենք հայտնել, որ շինարարական բոլոր գործընթացները իրականացվել են օրենքի սահմաններում և կրում են բացառապես օրինական բնույթ։
  • Վերոնշյալ քաղաքացիներից, որոշ անձիք խաբեության միջոցով՝ այլ նպատակներ հետապնդելու պատճառաբանությամբ անցկացրել են ստորագրահավաք։ Ստորագրահավաքը կատարվել է, իբր նշված տարածքում մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
  • Օդից կախված լուրերի համաձայն, տվյալ քաղաքացիներից առավել շահագռգռվածները, որոնք որ կազմակերպել են նշված բոլոր գործընթացները նախատեսում են տվյալ տարածքում հյուրատների կառուցում, այդ իսկ պատճառով ցուցաբերում են ակտիվ շահագրգռվածություն և դիմում են ցանկացած միջոցների իրենց նպատակին հասնելու համար, որը հյուրատան առավել արդյունավետ շահագործման նպատակ է հետապնդում։
  • Այսպիսով, հարց է առաջանում, արդյոք նշված բնակիչները, որոնք ըստ հոդվածի 15 տուն են կազմում, տեղյակ են եղել բողոքի ներկայացման բուն նպատակի վերաբերյալ, թե ուղղակի ստորագրահավաք են կատարել քաղաքապետարանի կողմից մաքրման աշխատանքներ իրականացնելու համար։
  • Վերջում, կցանականայինք նշել, որ նման հարցերը լուծվում են միայն օրենքի հարթությունում և օրենքի սահմաններում կայացված ցանկացած որոշում ընդունելի է մեզ համար։ Միակ պայմանը, որ այն լինի անկողմնակալ և օրենքի տառին համապատասխան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 5-ին, Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի 5-րդ փողոցի բնակիչները հավաքվել էին նշված փողոցում և փորձում էին հասկանալ, թե ինչպես է պատահել, որ նշված փողոցի բնակիչը, իրեն վեր դասելով օրենքից, արգելում է մոտ 15 սեփական տների բնակիչների ազատ տեղաշարժը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Դեռ սովետական տարիներից այս ճանապարհը բաց է եղել։ Ոչ մի խոչընդոտ։ Միշտ էլ երթևեկել ենք թե ոտքով, թե ավտոմեքենայով։ Հիմա, չգիտես ինչպես, մեր փողոցի բնակիչ Կարեն Մերտարչյանը շինթույլտվություն է ստացել և տուն է կառուցում, ինչի համար ուրախ ենք, նույնիսկ շնորհավորում ենք, որ տուն է սարքում։ Բայց այն, որ ասում են, թե ախորժակն ուտելուց է բացվում, լրիվ էդ վիճակն է։

Տարիներ առաջ փողոցի մի հատվածում ցանկացել է քարե ավտոտնակ կառուցի, սակայն պատկան մարմիններն արգելել են, ու այդ կառույցը կիսատ է մնացել։ Հիմա նա որոշել է, որ պետք է այդ ճանապարհը իրենով անի։ Լրիվ Թումանյանի «Չարի վերջ»-ն է, որ ասում է «էս սարն իմն է, էս ծառն իմն է»։

Դիմել ենք Նոր Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, նույնիսկ այնտեղից այցելել են ու պատրաստակամություն են հայտնել փողոցը բարեկարգեն, լուծեն արտաքին լուսավորության խնդիրը, բայց մեզ ասում են՝ սաղ հարևաններով լեզու գտեք Կարենի հետ։

Ստացվում է, որ պետական պաշտոնյաները, տվյալ դեպքում՝ Նորք Մարաշի թաղապետարանի մասին է խոսքը, ուզում են՝ լավ բան անեն, բայց չեն կարողանում։ Էփած հավի ծիծաղը կգա անգամ։ Օդից կախված լուրերի համաձայն՝ Կ. Մերտարչյանը Երևան քաղաքապետարանում միշտ կարողանում է կանխել, երբ պետք է գան, այդ կիսակառույցը քանդեն ու ճանապարհը վերականգնեն։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր